Հետազոտողները վաղուց պարզել են, որ հորմոններն էապես ազդում են ուղեղի վրա՝ փոփոխություններ առաջացնելով հուզական վիճակում, էներգիայի մակարդակում եւ որոշումների կայացման գործընթացում։ Սակայն այդ փոփոխությունների նրբությունները բավականաչափ ուսումնասիրված չեն։
Նյու Յորքի համալսարանի նոր հետազոտությունը՝ նվիրված կանանց էստրոգեն հորմոնին, լույս է սփռում այդ գործընթացների բնույթի վրա, տեղեկացրել է «Научная Россия»-ն։ Լաբորատոր առնետների վրա կատարված փորձերի շարքի ընթացքում հայտնաբերվել է, որ նյարդաբանական մեխանիզմները, որոնք ընկած են ուսուցման եւ որոշումների կայացման հիմքում, բնականորեն փոխվում են կանանց վերարտադրողական ցիկլի ընթացքում ավելի վաղ չհայտնաբերված մոլեկուլյար փոփոխությունների պատճառով՝ կապված դոֆամինի հետ, որն ուղեղում ուսուցման պրոցեսին ուղղված «պարգեւատրման» ազդանշաններ է ուղարկում։
Աշխատանքի մասին հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում։
«Չնայած ուղեղում հորմոնների լայն տարածմանը՝ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես են դրանք ազդում կոգնիտիվ վարքի եւ դրա հետ կապված նյարդաբանական ակտիվության վրա»,- նշել է Քրիստին Կոնստանտինոպոլը (Նյու Յորքի համալսարանի նեյրոգիտությունների կենտրոնի պրոֆեսոր եւ հոդվածի ավագ հեղինակ)։ «Բժշկական միջավայրում խորանում է այն ընկալումը, որ էստրոգենի մակարդակի փոփոխությունները կապված են կոգնիտիվ ֆունկցիաների եւ հոգեկան խանգարումների հետ»։
«Մեր արդյունքները կենսաբանական բացատրություն են տալիս, թե ինչպես է դոֆամինը ազղում ուսուցման պրոցեսի վրա»,- ավելացրել է հոդվածի առաջատար հեղինակ Կառլա Գոլդենը։ Հետազոտությունում ուսումնասիրվել է լաբորատոր առնետների նյարդաբանական ակտիվությունը։ Փորձերի շարքի ընթացքում կրծողները հաջողությամբ հասել են «պարգեւին»՝ այս դեպքում ջրի աղբյուրին, այն բանից հետո, երբ հասկացել են ձայնային ազդանշանների նշանակությունը, որոնք մատնանշել են ջրի առկայությունն ու քանակը։
Առնետների ուսուցման ունակությունը բարձրացել է էստրոգենի մակարդակի ավելացմամբ։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ էստրոգենը բարձրացրել է դոֆամինի ակտիվությունը՝ ուժեղացնելով ուղեղից տրվող պարգեւատրման ազդանշանները։
Հակառակը, երբ էստրոգենի ակտիվությունը ճնշվել է, ինչը սահմանափակել է նրա՝ դոֆամինը կարգավորելու ունակությունը, ուսուցման ունակությունը նվազել է, ինչը մատնանշել է պոտենցիալ կապի մասին հորմոնների մակարդակի եւ նյարդահոգեկան խանգարումների ախտանշանների միջեւ։ Կարեւոր է նշել, որ էստրոգենի ակտիվությունը չի ազդել կոգնիտիվ որոշումների կայացման վրա․ էֆեկտը սպեցիֆիկ էր ուսուցման համար։
«Բոլոր նյարդահոգեկան խանգարումները բնութագրվում են ախտանշանների արտահայտվածության տատանումներով՝ կախված հորմոնալ վիճակից։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ ընկալումը, որ հորմոններն ազդում են նեյրոնային կապերի վրա, կարող է օգնել բացահայտել այդ հիվանդությունների պատճառները»,- նշել է Կոնստանտինոպոլը։






