Սթենֆորդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ միջամտությունը, որն արգելափակում է «ծերացման հիմնական սպիտակուցներից» մեկի աշխատանքը, թույլ է տվել լիովին վերականգնել կորցրած աճառը ծեր մկների հոդերում և կանխել է վնասվածքներից հետո արթրոզի զարգացումը։ Աշխատանքը հրապարակվել է Science ամսագրում։

15-PGDH ֆերմենտը քայքայում է պրոստագլանդին E2-ը՝ մոլեկուլ, որը կրիտիկական կարևորություն ունի տարբեր հյուսվածքների վերականգնման համար։ Ծերացման սպիտակուցի ճնշման դեպքում պրոստագլանդինի մակարդակը բարձրանում է, ինչն էլ ակտիվացնում է վերականգնողական գործընթացների կասկադը։

Գիտնականները ապացուցել են, որ ծեր մկների աճառում 15-PGDH-ի մակարդակը մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան երիտասարդների մոտ։ Միջամտությունների շարքից հետո ֆերմենտի ակտիվությունը նվազել է, իսկ ծնկի աճառը, որը եղել է բարակացած և մասամբ քայքայված՝ սկսել է նկատելիորեն հաստանալ։ Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե կոպիտ ֆիբրոզային, այլ նորմալ հոդային աճառի մասին, որն ապահովում է հոդի հարթ շարժումը։

Նմանատիպ արդյունք է գրանցվել նաև վնասվածքների մոդելավորման ժամանակ, որոնք հիշեցնում են մարդկանց մոտ առջևի խաչաձև կապանների պատռվածքը։ Հիվանդների մոտ կեսի մոտ նման վնասվածքները սովորաբար հանգեցնում են երկարատև օստեոարթրիտի:

Ամենաանսպասելի հայտնագործությունը դարձել է խոնդրոցիտների (այն բջիջների, որոնք ձևավորում են հոդային աճառը) աշխատանքի լիակատար վերակառուցումը։ Դրանք չէին վերածվում ցողունային բջիջների և չէին բաժանվում արագացված տեմպով։ Նրանց «երիտասարդացումը» տեղի էր ունենում գեների աշխատանքային ծրագրի փոփոխության հաշվին։

Բուժումից հետո նվազել է բորբոքում և աճառի քայքայում սկսող բջիջների մասնաբաժինը, իջել է ոչ լիարժեք ֆիբրոզային աճառ ձևավորող բջիջների ակտիվությունը և կրկնակի աճել է «առողջ» խոնդրոցիտների պոպուլյացիան, որոնք արտադրում են լիարժեք հոդային աճառ։ Նույն պատկերը տեսել են նաև մարդկային նմուշներում, որոնք մշակվել են դեղամիջոցների լաբորատորիայում։

Ներկայումս 15-PGDH-ը արգելափակող դեղամիջոցները արդեն անցնում են կլինիկական փորձարկումներ՝ որպես տարիքային մկանային թուլության դեմ միջոց և անվտանգություն են ցուցաբերել առաջին փուլում։ Գիտնականները հույս ունեն նմանատիպ փորձարկումներ սկսել նաև հոդերի հիվանդությունների դեպքում։

«Պատկերացրեք, որ աճառը կարելի է նորից աճեցնել, այլ ոչ թե փոխարինել այլ մետաղով։ Սա հենց այն է, ինչ մենք առաջին անգամ տեսնում ենք լաբորատորիայում և կենդանիների մոդելների վրա», - նշել են հետազոտողները։