Քվինսլենդի համալսարանի գիտնականները ստեղծել են հակամարմին, որը «լուսավորում» է ագրեսիվ ուռուցքները՝ իմունային համակարգի համար։ Սա օգնում է ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղի ագրեսիվ տեսակների դեմ, ներառյալ՝ եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղը։ Աշխատանքը հրապարակվել է Molecular Therapy (MolT) ամսագրում։

Նոր հակամարմնի հիմնական թիրախը ROR1 սպիտակուցի հատվածն է, որը բնորոշ է բազմաթիվ չարորակ ուռուցքների և գրեթե բացակայում է առողջ հյուսվածքներում։

Ինչպես նշում է ուսումնասիրության ղեկավար Ֆեռնանդո Գիմարայեշը, հակամարմինը ոչ միայն «ճանաչում» է քաղցկեղի բջիջները, այլև ուժեղացնում է բնական մարդասպան (NK) բջիջների՝ ուռուցքները ոչնչացնող իմունային բջիջների ակտիվությունը: Գիտնականները լավագույն արդյունքները նկատել են հակամարմինային թերապիան TGF-β-ի շրջափակման հետ համատեղելիս, որը ազդանշան է և օգնում է ուռուցքներին ճնշել իմունային պատասխանը:

Թիմը նաև ստեղծել է «բարելավված» NK բջիջներ, որոնք գենետիկորեն մոդիֆիկացված են այնպես, որ դրանք չճնշվեն TGF-β-ի կողմից: Այս բջիջները ավելի արդյունավետ են ROR1-դրական ուռուցքները հայտնաբերելու և ոչնչացնելու հարցում՝ թե՛ լաբորատոր փորձերի, թե՛ կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների ժամանակ:

Եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղը առավել հաճախ ախտորոշվում է երիտասարդ կանանց մոտ։ Այն մնում է բուժման համար ամենաբարդ ձևերից մեկը. հիվանդությունը քիչ ստանդարտ թիրախներ ունի թերապիայի համար, ընդ որում, ուռուցքները արագ են զարգանում։ Գիտնականների խոսքով՝ մոտեցումը, որը համատեղում է թիրախային հակամարմինը և ուժեղացված NK-բջիջները, կարող է դառնալ իմունոթերապիայի նոր սերնդի հիմքը։

Գիմարայնշի խոսքով՝ ստացված տվյալները հիմք են ստեղծում ապագա կլինիկական հետազոտությունների համար։ Եթե մեթոդի արդյունավետությունը հաստատվի մարդկանց մոտ, ապա հակամարմինը կարող է դառնալ նոր բուժման արձանագրությունների մի մասը, որոնք կունենան կողմնակի ազդեցությունների ցածր ռիսկ։