Լավ քունը սկսվում է աղիքներից։ Այս եզրակացությանն են գալիս ավելի ու ավելի շատ հետազոտություններ, որոնք հաստատում են միկրոբիոտայի առանցքային դերը քնի, տրամադրության և սթրեսի նկատմամբ կայունության կարգավորման գործում։ Ինչպես նշում են մասնագետները, աղիքային մանրէների կազմի խախտումները կարող են առաջացնել անքնություն, քնելուց առաջ տագնապ և ցիրկադային ռիթմերի խանգարում։ Այս մասին հայտնում է The Conversation պորտալը։

Աղիքներն ու ուղեղը կապված են ազդանշանների բարդ ցանցով, որը կոչվում է «աղիք-ուղեղ» առանցք։ Դրա ամենահայտնի բաղադրիչը թափառող նյարդն է, որն ապահովում է երկկողմանի տեղեկատվության փոխանցումը։ Հետազոտությունների համաձայն՝ թափառող նյարդի ակտիվության ուժեղացումը նպաստում է նյարդային համակարգի ավելի հանգիստ տոնուսին և քնի սահուն անցումներին։

Սակայն դերակատարում ունեն ոչ միայն նյարդային ուղիները։ Աղիքային մանրէներն արտադրում են բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ սկսած մետաբոլիտներից մինչև նեյրոմեդիատորներ, որոնք ազդում են քնի հորմոնների վրա։ Օրական ցիկլերը կարգավորող սերոտոնինի մեծ մասը սինթեզվում է հենց աղիքներում։ Այնտեղ է արտադրվում նաև մելատոնինը, որը պատասխանատու է գիշերային քնկոտության համար։ Որոշ օգտակար բակտերիաներ արտադրում են ԳԱՄԹ (Գամմա-ամինոյուղաթթու)՝ գլխավոր արգելակող նեյրոմեդիատորը, որը նվազեցնում է տագնապի մակարդակը։ Այս բոլոր նյութերը ձևավորում են ներքին կենսաբանական ժամացույցի հիմքը։

Մանրէային հավասարակշռության խախտման՝ դիսբիոզի դեպքում, ազդանշանները դառնում են քաոսային։ Սա անդրադառնում է քնի վրա. առաջանում են քնելու դժվարություններ և գիշերային արթնացումներ։ Ոչ պակաս կարևոր մեխանիզմ է բորբոքումը։ Առողջ միկրոբիոտան պահպանում է աղիքային պատի ամբողջականությունը և կարգավորում է իմունային պատասխանը։ Երբ էպիթելը վնասվում է (օրինակ՝ սթրեսի կամ ոչ ճիշտ սննդակարգի պատճառով), արյան մեջ են ներթափանցում բորբոքային մոլեկուլներ, որոնք ազդում են ուղեղի արթունության կենտրոնների վրա և խախտում քնի կառուցվածքը։

Աղիքային տոքսինների այսպես կոչված «արտահոսքը» առաջացնում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի, բարձր մակարդակ, որը մարմինը պատրաստում է գործողության, այլ ոչ թե հանգստի: Ստացվում է արատավոր շրջան. սթրեսը փոխում է միկրոբիոմը, աղիների խանգարումը մեծացնում է անհանգստությունը, իսկ վատ քունը մեծացնում է կորտիզոլի մակարդակը՝ ավելի խաթարելով մանրէային հավասարակշռությունը:

Ժամանակակից տվյալները ցույց են տալիս, որ աղիքների վիճակի բարելավումը ուղղակիորեն անդրադառնում է քնի որակի վրա։ Սննդակարգում կարևոր դեր ունեն պրեբիոտիկներով և պրոբիոտիկներով մթերքները, հատկապես՝ ֆերմենտացվածները։ Դրանք օգնում են վերականգնել օգտակար բակտերիաները։ Շաքարի և գերմշակված մթերքների սահմանափակումը նվազեցնում է բորբոքումը։ Կանոնավոր սնվելու ռեժիմը պահպանում է աղիքների ներքին կենսառիթմերը, իսկ բավարար խոնավացումը ամրացնում է դրա պատերի պաշտպանիչ լորձաթաղանթային շերտը։

Հետազոտողները շեշտել են, որ խորը քունը զարգանում է մարդու քնելուց շատ առաջ։ Այն աղիքներում օրվա ընթացքում կատարվող բարդ ֆիզիոլոգիական աշխատանքի արդյունք է։ Երբ միկրոբիոտան հավասարակշռված է, ուղեղն ավելի հեշտությամբ անցնում է հանգստի ռեժիմի, իսկ գիշերային քնի ցիկլերը դառնում են ավելի խորը և վերականգնողական։