Կրելի սենսորները կարող են հայտնաբերել Պարկինսոնի հիվանդությունը կլինիկական ախտորոշումից գրեթե ինը տարի առաջ՝ գրանցելով, թե ինչպես է մարդը շրջվում քայլելիս։ Նման եզրակացության են եկել Թյուբինգենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Neurology ամսագրում։
Հետազոտության ընթացքում օգտագործվել են 50 տարեկանից բարձր հազար կամավորների տասնամյա դիտարկման տվյալները։ Մասնակիցները գոտկատեղին կրել են կոմպակտ սենսոր, որը գնահատել է միջանցքով քայլելիս շրջադարձերի պարամետրերը՝ անկյունը, տևողությունը և արագությունը։ Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել անկյունային արագությանը և թե որքան արագ է մարդը շրջվում շարժման ամենաարագ կետում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ անկյունային թեքման արագության նվազումը սկսվում է Պարկինսոնի հիվանդության կլինիկական դրսևորումից մոտ 8,8 տարի առաջ։ Նման նշանն ի հայտ է գալիս հիվանդության այլ շարժողական ախտանիշներից (բնորոշ դողից, կաշկանդվածությունից կամ քայլվածքի խանգարումներից) շատ ավելի վաղ։
Հայտնաբերված կապի հուսալիությունը ստուգելու համար՝ հետազոտողներն օգտագործել են մեքենայական ուսուցման մոդելը։ Այն հաշվի է առել տարիքը, սեռը և շրջադարձի պարամետրերը և կարողացել է կանխատեսել Պարկինսոնի հիվանդության զարգացումը AUC - 80.5% ճշգրտությամբ։ Նման ցուցանիշը բարձր է համարվում երկարաժամկետ կանխատեսման համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է քիչ նկատելի փոփոխություններին։
Հետազոտության համահեղինակ, Մերդոքի համալսարանի դոցենտ Բրուք Գալնի խոսքերով, արդյունքները նոր հնարավորություններ են բացում վաղ միջամտության համար։
«Եթե կրելի սենսորների տվյալները միավորվեն հիվանդության այլ վաղ նշանների հետ, ապա հնարավոր կլինի բացահայտել ռիսկի խմբի մարդկանց կլինիկական ախտանիշներից շատ առաջ։ Իսկ դա թույլ կտա ավելի վաղ սկսել դիտարկումը, փորձարկել պոտենցիալ նեյրոպրոտեկտիվ բուժման մեթոդները և հնարավոր է, դանդաղեցնել հիվանդության զարգացումը», - եզրակացրել են գիտնականները։






