Frontiers in Endocrinology բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը ստուգել է, թե արդյոք ալկալային ֆոսֆատազը, որը արյան անալիզներում սովորաբար չափվող ֆերմենտ է, կարող է օստեոպորոզի (ոսկրերի թուլացմամբ և է կոտրվածքների մեծացմամբ բնութագրվող ախտաբանական վիճակ) ռիսկի ցուցիչ ծառայել: Հետազոտողները պարզել են, որ այս ֆերմենտի ավելի բարձր մակարդակը մշտապես կապված է ոսկրային խտության նվազման հավանականության աճի հետ:
Հատկապես նշանակալի կապ է նկատվել կանանց, երիտասարդ մասնակիցների և բարենպաստ նյութափոխանակության կարգավիճակ ունեցող անհատների շրջանում: Հեղինակները միաժամանակ առաջարկել են շեմ, որից այն կողմ նպատակահարմար կլինի ոսկրային հյուսվածքի լրացուցիչ սքրինինգ առաջարկել:
Օստեոպորոզը բնակչության ծերացմանը զուգընթաց ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում: Կոտրվածքների ռիսկը տարիքի հետ մեծանում է, և մասնագետներն ակտիվորեն մատչելի մարկերներ են փնտրում, որոնք կարող են վաղ հայտնաբերել ոսկրային զանգվածի կորուստը: Ալկալային ֆոսֆատազը մասամբ արտադրվում է ոսկրային բջիջների կողմից և մասնակցում է ոսկրային հանքայնացմանը, ուստի այն տեսականորեն կարող է արտացոլել ոսկրային նյութափոխանակության փոփոխությունները: Այդ ֆերմենտի թեստավորումը ստանդարտ բժշկական զննումների մի մասն է, սակայն նախորդ ուսումնասիրությունները միանշանակ արդյունքներ չեն տվել:
Այս կապը պարզաբանելու համար գիտնականները 2019-2024 թվականներին Չունցինի խոշոր հիվանդանոցում ուսումնասիրել են ավելի քան 12 հազար չափահաս բուժառուների տվյալներ։
Բոլոր մասնակիցների արյան կենսաքիմիական տվյալներ և ոսկրային խտության չափումներ են իրականացվել հատուկ ռենտգենյան մեթոդով։ Բազմաթիվ գործոնների՝ տարիքի, սեռի, մարմնի զանգվածի, նյութափոխանակության պարամետրերի և լյարդի ֆունկցիայի համեմատությունից հետո պարզ է դարձել, որ ֆերմենտների մակարդակի նույնիսկ աննշան աճը կապված է օստեոպորոզի ռիսկի աստիճանական աճի հետ։
Գրեթե բոլոր մասնակիցների շրջանում ալկալային ֆոսֆատազի մակարդակը համապատասխանել է սահմանված չափին։
Առանձին ենթախմբի վերլուծությունը ցույց է տվել, որ ամենաակնհայտ կապը նկատվել է լյարդի նորմալ պարամետրեր ունեցող և նյութափոխանակության խանգարումներ չունեցող մարդկանց շրջանում, քանի որ այս պայմաններում ֆերմենտն ոսկրերի առողջությունն ավելի ճշգրիտ է արտացոլում։
Գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, սակայն մոտ յոթանասուներկու միավորի մակարդակը կարող է դիտարկվել որպես հնարավոր չափանիշ ավելի ուշադիր ախտորոշման համար։






