Հակադեպրեսանտների դեղաչափի աստիճանական նվազեցումը հոգեբանական աջակցության հետ միասին կարող է նույնքան արդյունավետ լինել դեպրեսիայի կրկնությունը կանխելու համար, որքան դեղամիջոցներով բուժման շարունակումը։ Այսպիսի եզրահանգման են եկել հետազոտողները՝ վերլուծելով 79 ռանդոմիզացված կլինիկական փորձերի արդյունքները։ Աշխատանքը հրապարակվել է The Lancet Psychiatry ամսագրում։

Ինչպես ընդգծել են հեղինակները, խոսքն այն մասին չէ, որ հակադեպրեսանտները «հարկավոր չեն»։ Հակառակը, հետազոտությունները հաստատում են դրանց արդյունավետությունը։ Բայց պացիենտների մի մասի համար, որոնք հաջողությամբ ռեմիսիայի են հասել եւ ցանկանում են դադարեցնել  թերապիան կողմնակի ազդեցությունների կամ տարիներ շարունակ դեղեր ընդունելու ցանկություն չունենալու պատճառով, գոյություն ունեն անվտանգ այլընտրանքային ռազմավարություններ։ Կարեւոր պայմանը դեղաչափի աստիճանական նվազեցումն է եւ պարտադիր հոգեբանական աջակցությունը։

Մետավերլուծությունը ներառել է 17 հազար 379 մեծահասակների տվյալներ, որոնք ունեցել են դեպրեսիայի կամ տագնապային խանգարումների մասնակի կամ լրիվ ռեմիսիա, որոնց հետեւել են միջինը մոտ մեկ տարի: Հետազոտողները համեմատել են հինգ ռազմավարություն՝ հակադեպրեսանտների կտրուկ դադարեցում (դատարկահաբի փոխարինմամբ), դեղաչափի արագ նվազեցում (4 շաբաթ կամ պակաս), դեղաչափի դանդաղ նվազեցում (4 շաբաթից ավելի), դեղաչափի նվազեցում առանց լրիվ դադարեցման եւ սովորական թերապիայի շարունակություն:

Երկու ռազմավարություններ ցույց են տվել լավագույն արդյունքները՝ դեղաչափի դանդաղ նվազեցում հոգեբանական աջակցությամբ եւ հակադեպրեսանտների շարունակություն ստանդարտ դեղաչափով: Երկու մեթոդներն էլ կանխել են կրկնությունը համեմատելի արդյունավետությամբ:

Հեղինակների հաշվարկների համաձայն՝ հոգեթերապիայի աստիճանական նվազեցումը կանխում է յուրաքանչյուր հինգ մարդու համար մեկ կրկնություն՝ կտրուկ դադարեցման կամ դեղաչափի արագ նվազեցման համեմատ:

Հետաքրքիր է, որ նույնիսկ դեղերի նվազեցված դեղաչափերն էին ավելի արդյունավետ, քան կտրուկ դադարեցումը: Հոգեթերապիայի ներառումը բարելավել է բուժման բոլոր տարբերակները, չնայած այս ոլորտում ապացույցների որակը ցածր է: Չնայած ռազմավարությունների միջեւ կողմնակի ազդեցությունների զգալի տարբերություններ չեն հայտնաբերվել, հեղինակները նշում են ախտանիշների եւ տարբեր մոտեցումների՝ կյանքի որակի վրա ազդեցության տվյալների պակասի մասին:

Ըստ հետազոտության հեղինակների՝ եզրակացությունը պարզ է. հակադեպրեսանտներն արդյունավետ են, բայց բոլորը չէ, որ պետք է ընդունեն դրանք տարիներ շարունակ: Եթե ​​ցանկանում եք դադարեցնել թերապիան, դա պետք է անեք աստիճանաբար եւ միշտ մասնագետի հսկողությամբ։