Ջոնս Հոփկինսի համալսարանի և SereNeuro Therapeutics ընկերության գիտնականները ցողունային բջիջների հիմքով օստեոարթրիտի դեմ դեղամիջոց են ստեղծել: Դեղամիջոցը գործում է որպես կենսաբանական սպունգ, որն ունակ է «կլանել» ցավի ազդակները և պաշտպանել հոդաճառը: Արդյունքները ներկայացվել են ISSCR-ի ժամանակ (International Society for Stem Cell Research)։
Խոսքը SN101 դեղամիջոցի մասին է, որն օստեոարթրիտի ժամանակ քրոնիկ ցավի բուժման իր տեսակի մեջ առաջին ոչ օպիոիդային մոտեցումն է: Դրա հիմքում ընկած են ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջները, որոնցից ստացվում են հասուն ծայրամասային նեյրոններ՝ նոցիցեպտորներ, որոնք պատասխանատու են ցավի զգացողությունների համար:
«Այս նեյրոնները ցավի ազդակներ չեն փոխանցում ուղեղին: Փոխարենը, դրանք կլանում են ցավ առաջացնող բորբոքային մոլեկուլները և արտազատում գործոններ, որոնք խթանում են հոդաճառային հյուսվածքի վերականգնումը: Ըստ էության, SN101-ն աշխատում է որպես «կենսաբանական սպունգ»՝ միաժամանակ մեղմելով ցավը և պաշտպանելով հոդերը հետագա քայքայումից»,- պարզաբանել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Գաբսանգ Լին:
SN101-ը տարբերվում է օստեոարթրիտի բուժման ավանդական մեթոդներից, որոնք թիրախավորում են ցավի փոխանցման միայն մեկ ուղի, ինչպիսիք են իոնային կանալների բլոկատորները և ստանդարտ կորտիկոստերոիդային ներարկումները։ Գիտնականների խոսքով՝ նման մեթոդներն ապահովում են միայն ժամանակավոր թեթևացում։ SN101 բջիջները էքսպրեսում (արտահայտում) են ցավի հիմնական ռեցեպտորների ողջ հավաքածուն, ինչը թույլ է տալիս միաժամանակ ազդել բորբոքման մի քանի ուղիների վրա։
Հեղինակները կարծում են, որ նման մոտեցումը կարող է նոր ուղղություն բացել քրոնիկ ցավի թերապիայում՝ առանց օպիոիդների կիրառման։ Գիտնականները նշում են, որ նույնիսկ թեթև կամ չափավոր ցավի դեպքում օպիոիդների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբանական կախվածության։ Սա հատկապես վտանգավոր է տարեց պացիենտների համար, որոնց մոտ օստեոարթրիտը հաճախ հանդիպող հիվանդություն է։






