Ֆունկցիոնալ ՄՌՏ-ի (ՖՄՌՏ) ազդանշանը, որը տասնամյակներ շարունակ համարվում է ուղեղի ակտիվության ուղղակի ցուցիչ, դեպքերի 40%-ում կարող է մոլորության մեջ գցել մարդկանց: Նման եզրահանգման են եկել Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience (NatNeuro) ամսագրում:

Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՖՄՌՏ) մեթոդը հիմնված է այն ենթադրության վրա, որ ուղեղի արյան հոսքը և նեյրոնների ակտիվությունը փոխկապակցված են: Ակտիվ նեյրոնները ավելի շատ թթվածին են սպառում, ինչի պատճառով ուժեղանում է արյան հոսքը և աճում է գրանցվող ազդանշանը:

Փորձին մասնակցել են ավելի քան 40 առողջ կամավորներ: Սկանավորման ժամանակ նրանք կատարել են ստանդարտ կոգնիտիվ առաջադրանքներ՝ բանավոր հաշվարկ և անձնական հիշողությունների վերարտադրում: Սովորական ՖՄՌՏ-ին զուգահեռ հետազոտողները կիրառել են քանակական ՄՌՏ, որը թույլ է տալիս ուղղակիորեն չափել ուղեղի հյուսվածքների կողմից թթվածնի սպառումը:

Հենց այս համեմատությունն էլ վեր է հանել անհամապատասխանությունները։ Մի շարք տիրույթներում, հատկապես նրանցում, որոնք կապված են հաշվարկների հետ, նեյրոններն իսկապես ավելի շատ թթվածին են սպառում, սակայն արյան հոսքն այդ ընթացքում չի ավելանում։ Դրա փոխարեն ուղեղը սկսում է ավելի արդյունավետ կերպով թթվածինն կորզել արդեն իսկ մուտք գործող արյունից։

Հեղինակների խոսքով՝ սա նշանակում է, որ ՖՄՌՏ ազդանշանի փոփոխությունները կարող են արտացոլել ոչ թե նեյրոնների աշխատանքը, այլ անոթային համակարգի առանձնահատկությունները և ուղեղի էներգետիկ արդյունավետությունը։ Սա հատկապես կարևոր է կլինիկական հետազոտությունների համար. դեպրեսիայի, Ալցհեյմերի հիվանդության և այլ նյարդաբանական խանգարումների դեպքում ՖՄՌՏ ազդանշանը հաճախ մեկնաբանվում է որպես ուղեղի ակտիվության նվազման կամ ուժեղացման նշան, մինչդեռ իրականում այն կարող է կապված լինել տարիքային կամ անոթային փոփոխությունների հետ։