Եղանակային խիստ երևույթները երկարաժամկետ հետևանքներ են թողնում խոցելի խմբում գտնվող տարեցների առողջության վրա, հայտնում է American Geriatrics Society ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Վերլուծելով Տեխասի և Լուիզիանայի 65-ից բարձր տարիքի Medicare ծրագրի վճարովի ծառայություններից օգտվող գրեթե 1,8 միլիոն շահառուների տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ «Հարվի» փոթորկի ժամանակ առատ տեղումների գոտում հայտնված տարեցների մոտ փոթորկից հետո 1 տարվա ընթացքում մահվան ռիսկը 3%-ով ավելի բարձր է եղել:
Մահացության ռիսկն ամենաբարձրն է եղել այն անձանց շրջանում, ովքեր ունեցել են կանոնավոր խնամք պահանջող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ երիկամների քրոնիկ հիվանդություն, Ալցհայմերի հիվանդություն և դրա հետ կապված դեմենցիաներ։ Մահացության ամենամեծ թիվը գրանցվել է հենց Ալցհայմերի հիվանդությամբ և դեմենցիայով տառապող բնակչության շրջանում. ըստ հաշվարկների՝ «Հարվի» փոթորկին հաջորդած մեկ տարվա ընթացքում մահացել է 1245 մարդ։
Բացի այդ, մահացության ռիսկը սևամորթների և իսպանախոսների/լատինամերիկացիների շրջանում եղել է համապատասխանաբար 6%-ով և 13%-ով ավելի բարձր, քան այլ խմբերի մոտ, ինչն ընդգծում է բնական աղետների նկատմամբ խոցելիության տարբերությունները։






