Սուսանակի բուժման համար նախատեսված նոր միանվագ դեղաչափով դեղամիջոցը, որը, ինչպես սպասվում է, կհաստատվի առաջիկա օրերին, կարող է դառնալ այս վարակի դեմ պայքարի բանալին՝ հակաբիոտիկների նկատմամբ աճող դիմադրության պայմաններում։
Սուսանակը, որը հաճախ ախտանիշներ չի առաջացնում, ավելի դժվար է բուժել, քանի որ մանրէները դիմադրողականություն են զարգացնում առկա հակաբիոտիկների նկատմամբ, հաղորդում է Euronews-ը։ Եթե այն չբուժվի, կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, ինչպիսիք են կոնքի բորբոքային հիվանդությունը կամ անպտղությունը։
Զոլիֆլոդացինը, որը տասնամյակների ընթացքում այս վարակի բուժման համար բացառապես մշակված առաջին նոր հակաբիոտիկն է, թիրախավորում է դեղորայքակայուն սուպերբակտերիաները և, ինչպես սպասվում է, Միացյալ Նահանգներում վաճառքի թույլտվություն կստանա։
Հետազոտողները վերջերս կլինիկական փորձարկում են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 900 մարդ Միացյալ Նահանգներից, Հարավային Աֆրիկայից, Թաիլանդից, Բելգիայից և Նիդեռլանդներից. Neisseria gonorrhoeae վարակված մասնակիցների մինչ օրս ամենամեծ ուսումնասիրությունը։
«The Lancet» բժշկագիտական հանդեսում հրապարակված փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ նոր բուժումը՝ մեկ դեղահաբը, բուժել է սեռական օրգանների վարակների ավելի քան 90 տոկոսը։
Հետազոտողները նշել են, որ նոր դեղամիջոցը մասնակիցները լավ են տարել, կողմնակի ազդեցությունները նման են այժմյան բուժումների դեպքում նկատվածներին, և անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ չեն գրանցվել։
«Սուսանակը շարունակում է մնալ հանրային առողջապահության լուրջ խնդիր ամբողջ աշխարհում, և հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ դիմադրության աճող խնդիրը միայն մեծացնում է նոր բուժման տարբերակների անհրաժեշտությունը»,- ասել է Ալաբամայի համալսարանի բժշկության պրոֆեսոր և ուսումնասիրության գլխավոր հեղինակ Էդվարդ Հուկը։
Նա հավելել է, որ տասնամյակներ շարունակ սուսանակի նոր բուժման բացակայությունը, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ դիմադրության աճը զգալի մարտահրավերներ են ստեղծել այս սեռավարակի բուժման գործում։
2023 թվականին Եվրոպական Միությունում գրանցվել է սուսանակի մոտ 100 հազար հաստատված դեպք՝ 25 դեպք 100 հազար մարդու հաշվով, ինչը 31 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) կանխատեսում է, որ առաջիկա օրերին զոլիֆլոդացինը հավանության կարժանանա։






