Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է «Circulation: Genomic and Precision Medicine» ամսագրում, ցույց է տվել, որ մարդու արյան մեջ առկա ACE2 սպիտակուցը կարող է պաշտպանիչ դեր ունենալ արյան բարձր ճնշման եւ 2-րդ տեսակի դիաբետի դեմ։

MRC Laboratory of Medical Sciences-ին կից Computational Cardiac Imaging-ի եւ Cardiovascular Genomics Precision Medicine-ի գիտնականները վերլուծել են արյան ավելի քան 45 հազար նմուշներ UK Biobank-ից՝ հասկանալու համար կապը որոշակի սպիտակուցների եւ սիրտ-անոթային հիվանդությունների միջեւ։

Ուսումնասիրված սպիտակուցների թվում էին ACE2-ը, BNP-ն, NT-proBNP-ն եւ տրոպոնին I-ը, որոնք բոլորը կապված են սրտի ֆունկցիայի եւ հիվանդությունների ռիսկի հետ։

Արդյունքները ցույց են տվել, որ ACE2-ի մակարդակը բարձր է եղել արյան բարձր ճնշման կամ դիաբետի ախտորոշում ունեցող մարդկանց մոտ, որի ազդեցությունը հատկապես արտահայտված է կանանց մոտ եւ պայմանավորված է դիաբետի հետ կապված գենետիկական փոփոխություններով։

Մենդելյան ռանդոմիզացիայի մեթոդը կիրառելով՝ գիտնականներն ապացույցներ են ստացել, որ ACE2-ի նման բարձր մակարդակը կարող է լինել փոխհատուցող մեխանիզմ, որն ուղղված է արյան բարձր ճնշման եւ գլյուկոզայի նյութափոխանակության խանգարումների դեմ պայքարին։

ACE2 սպիտակուցը քայքայում է անգիոտենզին II-ը՝ արյան անոթները նեղացնող նյութ, եւ առաջացնում է միացություններ, որոնք նպաստում են անոթների լայնացմանը: Սա կարող է օգնել օրգանիզմին թուլացնել արյան անոթները, որոնք նեղացել են հիպերտոնիայի պատճառով՝ այդպիսով մասամբ փոխհատուցելով արյան բարձր ճնշումը։

ACE2 սպիտակուցը հանրության ուշադրությանն է արժանացել COVID-19 համավարակի ժամանակ, քանի որ այն ծառայում է որպես ռեցեպտոր, որի միջոցով կորոնավիրուսը մտնում է բջիջներ։

Սակայն ACE2-ը նաեւ կարեւոր ֆիզիոլոգիական գործառույթ է կատարում սիրտ-անոթային համակարգում: Արյան ճնշումը բարձրացնող հորմոնների ազդեցությանը հակազդելու ունակությունը ենթադրում է նրա հնարավոր դերը հիպերտոնիայի եւ դիաբետի հետ կապված սիրտ-անոթային հիվանդություններից պաշտպանվելու գործում։

Հետազոտության հեղինակները նշել են, որ այս արդյունքները կարող են կարեւոր նշանակություն ունենալ կլինիկական պրակտիկայի համար: Օրինակ, արյան մեջ ACE2 մակարդակի վերլուծությունը կարող է օգնել անհատականացնել թերապիան արյան բարձր ճնշում կամ դիաբետ ունեցող պացիենտների համար՝ ընտրելով ամենաարդյունավետ դեղամիջոցները: Ապագա հետազոտությունները կարող են ուսումնասիրել, թե որքանով ACE2 ակտիվության բարձրացումը կամ դրա գործողության ընդօրինակումը կարող է բարելավել այս վիճակների բուժումը: