Գիտնականները հայտնել են, որ էկզեմայի բուժման համար վերջերս հաստատված ներարկվող դեղամիջոցն արագ մեղմում է քորը՝ մաշկային այս հիվանդության ամենատանջալի ախտանիշներից մեկը: Այս մասին են վկայում կլինիկական փորձարկումների տվյալների վերլուծության արդյունքները, որոնք հրապարակվել են Journal of the European Academy of Dermatology and Venereology ամսագրում:
Նեմոլիզումաբ անվամբ հայտնի դեղամիջոցը (առևտրային անվանումը՝ Nemluvio) մոնոկլոնալ հակամարմին է, որն ուղղված է բորբոքային մեխանիզմների ակտիվացմանը մասնակցող ռեցեպտորին: Հենց այդ մեխանիզմներն են առաջացնում ուժեղ քոր ատոպիկ դերմատիտի և հարակից վիճակի՝ հանգուցավոր պրուրիգոյի ժամանակ: Նման մոտեցումն օգնում է արգելափակել այն հիմնական մեխանիզմը, որը պատասխանատու է պացիենտների մոտ ինտենսիվ քորի առաջացման համար:
Նոր վերլուծության շրջանակում հետազոտողները վերանայել են ավելի քան 2300 մասնակիցների տվյալները: Հենց այդ հետազոտությունների հիման վրա է ԱՄՆ Պարենի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA) 2024 թվականին հաստատել դեղամիջոցի կիրառումը միջին և ծանր աստիճանի էկզեմայի ու հանգուցավոր պրուրիգոյի բուժման համար:
Արդյունքները ցույց են տվել, որ նեմոլիզումաբը նվազեցրել է քորն արդեն երկու օրվա ընթացքում. էկզեմայով հիվանդների գրեթե 11%-ը զգալի թեթևացում է նկատել՝ պլացեբոյի խմբի 3%-ի համեմատ: Պրուրիգոյով պացիենտների շրջանում նման բարելավում է գրանցվել 17%-ի մոտ՝ պլացեբոյի խմբի գրեթե 4%-ի համեմատ:
Բացի այդ, դեղամիջոցը նպաստել է քնի բարելավմանը, ինչը քրոնիկ քորի բուժման կարևոր նպատակներից է: Արդեն երկու օր անց էկզեմայով հիվանդների մոտ 10%-ը և պրուրիգոյով պացիենտների ավելի քան 13%-ը հայտնել են քնի զգալի բարելավման մասին, մինչդեռ պլացեբոյի խմբում այս ցուցանիշը զգալիորեն ցածր է եղել:
Թերապիայի մեկնարկից երկու շաբաթ անց էկզեմայով հիվանդների մոտավորապես քառորդը և պրուրիգոյով պացիենտների ավելի քան մեկ երրորդը գրանցել են թե՛ քորի, թե՛ քնի որակի կլինիկորեն զգալի բարելավում:
Հետազոտողներն ընդգծում են, որ հենց դեղամիջոցի արագ ազդեցությունը՝ թերապիայի առաջին օրերին քորի ինտենսիվության նվազումը, բուժման առանցքային նպատակն է միջին և ծանր ձևի էկզեմա ու հանգուցավոր պրուրիգո ունեցող պացիենտների համար: