Ասպարտամի երկարատև ընդունումը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ ներքին օրգանների աշխատանքի վրա՝ նույնիսկ թույլատրելիից զգալիորեն ցածր դեղաչափերի դեպքում։ Նման եզրահանգման է եկել գիտնականների միջազգային թիմը, որը մեկ տարի ուսումնասիրել է ասպարտամի օգտագործման հետևանքները մկների մոդելի վրա։ Աշխատանքը հրապարակվել է Biomedicine & Pharmacotherapy (B&P) ամսագրում։
Ասպարտամը ամենատարածված քաղցրացուցիչներից մեկն է, որն օգտագործվում է դիետիկ ըմպելիքների, հրուշակեղենի և մաստակի մեջ։ Այն մոտ 200 անգամ քաղցր է շաքարից և երկար ժամանակ համարվել է սախարոզայի անվտանգ այլընտրանք։ Սակայն վերջին տարիներին ավելանում է այն աշխատանքների թիվը, որոնք մատնանշում են դրա երկարատև օգտագործման դեպքում հնարավոր նյութափոխանակային ռիսկերը։
Նոր հետազոտության շրջանակում գիտնականները մեկ տարվա ընթացքում մկներին ասպարտամ այնպիսի դեղաչափ են տվել, որը համարժեք է մարդու համար սահմանված առավելագույն թույլատրելի օրական չափաբաժնի մոտավորապես մեկ վեցերորդին: Մարդկային միավորների վերածած՝ դա կազմել է մոտ 7 մգ՝ մարմնի զանգվածի մեկ կիլոգրամի դիմաց, ինչը զգալիորեն ցածր է միջազգային կարգավորողների կողմից սահմանված շեմերից:
Փորձի արդյունքներով հետազոտողները արձանագրել են կենդանիների ճարպային կուտակումների նվազում մոտ 20%-ով: Սակայն այս էֆեկտն ուղեկցվել է անբարենպաստ փոփոխություններով. մկների մոտ նկատվել է սրտի չափավոր հիպերտրոֆիա, ինչպես նաև ճանաչողական ցուցանիշների վատթարացում:
«Մենք տեսանք, որ ասպարտամն իրոք նվազեցնում է ճարպային զանգվածը, բայց դա անում է սրտի և հավանաբար, ուղեղի ֆունկցիոնալ փոփոխությունների գնով»,- նշել են աշխատանքի հեղինակները: Նրանց խոսքով՝ ստացված տվյալները մատնանշում են, որ քաղցրացուցիչի օգնությամբ մարմնի զանգվածի նվազեցումը կարող է ուղեկցվել թաքնված ֆիզիոլոգիական կորուստներով:
Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձնում այն փաստին, որ բացասական հետևանքներն ի հայտ են եկել նյութի շատ ցածր դեղաչափերի դեպքում։ «Օգտագործված դեղաչափը զգալիորեն ցածր է եղել առավելագույն թույլատրելիից, ինչն ընդգծում է ստացված արդյունքների կարևորությունը»,- շեշտել են հետազոտողները։
Աշխատանքի ընթացքում կիրառվել է մեթոդների լայն շրջանակ՝ մագնիսառեզոնանսային և պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայից մինչև վարքագծային թեստեր, մարմնի ջերմաստիճանի վերլուծություն և սննդի ու ջրի սպառման գնահատում։ Նման համալիր մոտեցումը թույլ է տվել բացահայտել այնպիսի հետևանքներ, որոնք նախկինում չէր հաջողվում արձանագրել նման փորձերի բարդության և տևականության պատճառով։
Հեղինակներն ընդգծել են, որ սա առաջին հետազոտություններից մեկն է, որտեղ ասպարտամի օգտագործման հետևանքները վերլուծվել են ամբողջական մեկ տարվա ընթացքում։ Արդյունքները, նրանց կարծիքով, լրացնում են արհեստական քաղցրացուցիչների երկարաժամկետ ազդեցության ըմբռնման հարցում կարևոր բացը և մատնանշում են սովորական սննդակարգում դրանց կանոնավոր սպառումն ավելի քննադատաբար գնահատելու անհրաժեշտությունը։






