ACE2 սպիտակուցը, որը SARS-CoV-2-ն օգտագործում է մարդու բջիջներ ներթափանցելու համար, կարող է պաշտպանիչ դեր խաղալ հիպերտոնիայի և երկրորդ տիպի դիաբետի ժամանակ։ Նման եզրակացության են եկել Մեյո կլինիկայի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Circulation: Genomic and Precision Medicine ամսագրում։
Հեղինակները վերլուծել են Բրիտանական բիոբանկի մասնակիցների արյան ավելի քան 45 հազար նմուշ։ Թիմն ուսումնասիրել է սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված ինը սպիտակուցների կոնցենտրացիաները, այդ թվում՝ ACE2-ը, BNP-ն, NT-proBNP-ն և տրոպոնին I-ը։
Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունն է գրավել ACE2-ը (անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ 2). դրա մակարդակն ավելի բարձր է եղել բարձր զարկերակային ճնշում և դիաբետ ունեցող մարդկանց մոտ, որոնք սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոններն են։ Այս ազդեցությունն առավել արտահայտված է եղել կանանց մոտ և ասոցացվել է դիաբետի հետ կապված գենետիկական տարբերակների հետ։
Մենդելյան ռանդոմիզացիայի մեթոդի օգնությամբ գիտնականները ապացույցներ են ստացել այն մասին, որ ACE2-ի բարձր մակարդակը կարող է ոչ միայն ուղեկցել այդ վիճակները, այլև նվազեցնել հիպերտոնիայի և դիաբետի զարգացման ռիսկը:
Կենսաբանորեն դա բացատրվում է ACE2-ի գործառույթով. սպիտակուցը քայքայում է անգիոտենզին II-ը, որը սեղմում է անոթները և նպաստում է այնպիսի միացությունների առաջացմանը, որոնք թուլացնում են անոթային պատը: Հիպերտոնիայի ժամանակ ACE2-ի մակարդակի բարձրացումը կարող է լինել օրգանիզմի կոմպենսատոր արձագանքը՝ ուղղված ճնշման իջեցմանը:
ACE2-ը լայնորեն հայտնի է որպես ռեցեպտոր, որի միջոցով SARS-CoV-2 վիրուսը թափանցում է բջիջներ, սակայն նոր տվյալներն ընդգծում են դրա կարևոր դերը սիրտ-անոթային համակարգի կարգավորման գործում: Հեղինակների կարծիքով՝ ACE2-ը կարող է դառնալ հեռանկարային բիոմարկեր և թերապևտիկ թիրախ:






