Կանաձավայի համալսարանի գիտնականները պարզել են, որ նետրին-1 սպիտակուցը կարող է արգելափակել հեպատիտ B վիրուսով վարակումը՝ խանգարելով դրա հպվելուն և լյարդի բջիջների մեջ թափանցմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Pathogens ամսագրում։

Հեպատիտ B վիրուսը կարող է թափանցել օրգանիզմ վարակված կենսաբանական հեղուկների հետ ուղղակի շփման և անպաշտպան սեռական հարաբերության միջոցով։ Վարակումից հետո ինֆեկցիան հասնում է լյարդի բջիջներին, որտեղ սկսում է ակտիվորեն բազմանալ՝ առաջացնելով բորբոքում և հյուսվածքների վնասում։

Հիվանդությունը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկական ձևով։ Եթե մարդու իմունիտետը հաղթահարում է հիվանդությունը, ապա սուր փուլից հետո վրա է հասնում ապաքինումը։ Եթե ոչ, հեպատիտ B-ն անցնում է քրոնիկական ձևի և կարող է առաջացնել ծանր բարդություններ՝ լյարդի ցիռոզ և քաղցկեղ։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակուցը խանգարում է վիրուսին կպչել հեպատոցիտներին (լյարդի բջիջներին): Նետրին-1-ը խաթարում է վիրուսի կապը հեպարանսուլֆատների (բջջաթաղանթի ածխաջրերի տեսակ) և հատուկ NTCP ռեցեպտորի հետ՝ նվազեցնելով վաղ փուլում հաջող վարակման հավանականությունը: Մեկ այլ՝ EGFR ռեցեպտորի հետ կապվելը ճնշում է դրա ակտիվացումը՝ արգելափակելով վիրուսի «ներքաշումը» բջջի ներս: Այսպիսով, սպիտակուցը գործում է միանգամից երկու ուղղությամբ՝ ստեղծելով բազմաստիճան պաշտպանիչ պատնեշ:

Մեխանիզմի արդյունավետությունը հաստատվել է ինչպես բջջային մոդելներում, այնպես էլ մարդու լյարդի փոխպատվաստված բջիջներ ունեցող մկների վրա: Նետրին-1-ի ներմուծումը զգալիորեն նվազեցրել է վարակման մակարդակը: Հեղինակների կարծիքով՝ այս մոտեցումը կարող է հիմք դառնալ մարդկանց համար նոր հակավիրուսային դեղամիջոցների ստեղծման համար՝ լրացնելով կամ փոխարինելով քրոնիկական հեպատիտ B-ի բուժման գոյություն ունեցող մեթոդները: