Գիտնականների թիմը՝ նեյրոկենսաբան Ջեյմս Սենթ-Ջոնի ղեկավարությամբ (Գրիֆիթի համալսարան), հայտնաբերել է հնարավոր կապ քթի լորձաթաղանթի վնասման եւ նեյրոդեգեներատիվ այն պրոցեսների առաջացման վտանգի միջեւ, որոնք հիշեցնում են Ալցհեյմերի հիվանդությունը։ Աշխատանքը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են Chlamydia pneumoniae մանրէն՝ մարդու մոտ թոքաբորբի հայտնի հարուցիչը։ Ավելի վաղ այն արդեն գտել էին դեմենցիայի ուշ ձեւով տառապող պացիենտների մեծ մասի ուղեղում, սակայն կենտրոնական նյարդային համակարգ մանրէի թափանցման ուղին հստակ չէր։
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ մանրէն կարող է թափանցել ուղեղ հոտառական նյարդի միջոցով, որը իրար է միացնում քթի խոռոչն ու ուղեղը։ Դա հատկապես արագ է տեղի ունեցել այն դեպքերում, երբ վնասված է եղել քթի էպիթելը՝ բարակ պաշտպանիչ հյուսվածք քթի խոռոչի վերին մասում։ Այդ վնասվածքը կարող է առաջանալ այդ թվում քիթն ակտիվ փորելու կամ մազերը պոկոտելու դեպքում։
Վարակված մկների մոտ վարակվելուց արդեն 24-72 ժամ հետո ուղեղում սկսել են կուտակվել բետա-ամիլոիդային սպիտակուցներ։ Այդ մոլեկուլները համարվում են վարակին իմունային պատասխանի մաս, բայց հենց դրանց կուտակումն է (ամիլոիդային բշտեր) մարդու մոտ Ալցհեյմերի հիվանդության բնութագրիչը։
«Մենք առաջին անգամ ցույց տվեցինք, որ Chlamydia pneumoniae-ն կարող է ուղեղ թափանցել քթով եւ գործի դնել պաթոլոգիական պրոցեսներ, որոնք նման են Ալցհեյմերի հիվանդությանը»,- նշել է Սենթ-Ջոնը։ Նրա խոսքով՝ վարակի տարածման արագությունը նյարդային համակարգում անսպասելիորեն բարձր է եղել։
Առայժմ պարզ չէ, թե արդյոք ամիլոիդի կուտակումն է հիվանդության պատճառը, թե՞ օրգանիզմի ժամանակավոր պաշտպանական ռեակցիան, որը կարող է անհետանալ վարակի վերացումից հետո։ Բացի այդ, բոլոր կարեւոր տվյալները ստացվել են կենդանի մոդելների վրա։
Այնուամենայնիվ, հետազոտությունն ավելացնում է հետաքրքրությունն այն վարկածի հանդեպ․ որի համաձայն՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները կարող են կապված լինել ոչ միայն տարիքի եւ գենետիկայի, այլեւ շրջակա միջավայրի գործոնների ներգործության հետ, այդ թվում մանրէների եւ վիրուսների։ Գիտնականները նախատեսում են շարունակել աշխատանքը արդեն մարդկանց մասնակցությամբ, որպեսզի ստուգեն, թե արդյոք աշխատում է նույն մեխանիզմը մարդու մոտ։
Մինչ այս տվյալներն ստանալը՝ հետազոտողները խորհուրդ են տալիս խուսափել քթի լորձաթաղաթնի վնասումից, քանի որ այն կարեւոր պատնեշ է արտաքին միջավայրի եւ ուղեղի միջեւ։






