Նոր հետազոտությունը պարզել է, որ զազրախոսությունը կարող է բարելավել ֆիզիկական ցուցանիշները՝ մարդկանց օգնելով կենտրոնանալ, վստահ լինել և քիչ շեղվել։
Նավաստու նման հայհոյելը սովորաբար դատապարտելի է բարեկիրթ հասարակության մեջ։ Սակայն գիտնականները կարծում են, որ դա կարող է լինել ֆիզիկական ցուցանիշների բարելավման բանալին։
«American Psychologist» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը պարզել է, որ հայհոյանքն օգնում է մարդկանց ավելի լավ կատարել ֆիզիկական խնդիրները. մասնակիցները հայտնել են, որ իրենց ավելի վստահ և կենտրոնացած են զգում։
Այլ կերպ ասած, հաջորդ անգամ, երբ մարզասրահում հայհոյելու խիստ պահանջ զգաք, գիտնականների խորհրդով՝ ձեզ չզսպեք, նշում է Euronews-ը։ Հետազոտության գլխավոր հեղինակ, Մեծ Բրիտանիայի Քիլի համալսարանի հոգեբանության ավագ դասախոս Ռիչարդ Սթիվենսը, իր զեկույցում ասել է. «Շատ իրավիճակներում մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, չեն օգտագործում իրենց ամբողջ ուժը»։
Նա հավելել է. «Հայհոյանքը պարզ և մատչելի միջոց է ավելի կենտրոնացած, վստահ, պակաս շեղված և մի փոքր ավելի վճռական գործելու»։
Ուսումնասիրությունը հիմնված է մի շարք հետազոտությունների վրա, որոնք արդեն իսկ հաստատել են կապը հայհոյանքի և ֆիզիկական ցուցանիշների բարելավման միջև: Սակայն առաջին անգամ գիտնականները որոշել են կենտրոնանալ այս կապի մեխանիզմի վրա։
Սթիվենսը և Քիլի համալսարանի ու Հանթսվիլի Ալաբամայի համալսարանի նրա գործընկերները կարծում են, որ հայհոյանքը կարող է մարդկանց դնել արգելակման վիճակի մեջ, որը նրանք սահմանում են որպես «ժամանակավոր հակում՝ զբաղվելու այնպիսի վարքագծով, որը նվազ վերահսկելի է»։
«Հայհոյելով՝ մենք ազատվում ենք սոցիալական արգելակումներից և մեզ թույլ ենք տալիս ավելի լավ հանդես գալ տարբեր իրավիճակներում»,- ասել է Սթիվենսը։
Երկու առանձին փորձի ընթացքում 192 մասնակցի խնդրել են յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ կրկնել կա՛մ իրենց ընտրած հայհոյանքային բառը, կա՛մ չեզոք բառ՝ աթոռի վրա հրումներ կատարելիս։
Այնուհետև հետազոտողները մասնակիցներին խնդրել են պատասխանել առաջադրանքի ընթացքում իրենց վիճակի մասին հարցերին, մասնավորապես, որքան կենտրոնացած և վստահ են զգացել կամ որքան զվարճալի են համարել վարժությունը։
Ընդհանուր առմամբ, հայհոյողները կարողացել են զգալիորեն ավելի երկար պահպանել իրենց մարմնի քաշը, քան նրանք, ովքեր կրկնել են չեզոք բառը։
Նրանք հայտնել են, որ ավելի վստահ են զգում իրենց կարողությունների մեջ և ավելի քիչ են տարված ավելորդ մտքերով։ Մասնակիցները նաև հայտնել են, որ հասել են «հոգեբանական հոսքի» վիճակի՝ հաճելիորեն ընկղմվելով գործունեության մեջ։
«Այս արդյունքներն օգնում են բացատրել, թե ինչու է հայհոյանքն այդքան տարածված»,- ասել է Սթիվենսը։
«Հայհոյանքը բառացիորեն զրոյական կալորիականությամբ, դեղորայքից զերծ, ցածր գնով և հեշտությամբ հասանելի գործիք է, որը մենք միշտ ունենք ձեռքի տակ, երբ անհրաժեշտ է բարելավել մեր ցուցանիշները»։






