Էդինբուրգի համալսարանի գիտնականները BBC-ին հայտնել են, որ ապագայում հնարավոր կդառնա կանխել այս հիվանդության առաջացումը կամ առնվազն կանգնեցնել դրա զարգացումը, իսկ ավելի հեռավոր ապագայում՝ բուժել այն մարդկանց, ում մոտ արդեն սկսել են ի հայտ գալ ախտանիշները:
Չնայած լավատեսական կանխատեսումներին, նրանք ընդգծել են, որ մարդկային ուղեղի չափազանց բարդ լինելու պատճառով հաջողության մասին վստահությամբ կարելի է խոսել միայն կլինիկական փորձարկումների արդյունքները ստանալուց հետո:
Որպեսզի ես հասկանայի, թե որքան մոտ են գիտնականները հաղթանակին, ինձ հրավիրեցին ականատես լինելու ուղեղի վիրահատությանը՝ դեմենցիայի հետազոտության ամենաառաջադեմ փուլին։
Ես վիրաբուժական համազգեստով կանգնած եմ Էդինբուրգի Թագավորական հիվանդանոցի վիրահատարանում: Իմ շուրջը գտնվող տասնյակ մարդկանց առավելագույն կենտրոնացվածությունը հանգստության մթնոլորտ է ստեղծում՝ չնայած աշխատող բժշկական սարքավորումների առաջացրած աղմուկին, որոնք անընդհատ ազդանշաններ են տալիս և բզզում։
Հիվանդը վիրահատական սեղանին նստած է հանգստացնողների ազդեցության տակ։ Նրա վերևում գտնվող մեծ էկրաններին ես կարող եմ տեսնել նրա ուղեղի ՄՌՏ սկանավորումը։ Անհնար է չնկատել մեծ, պայծառ սպիտակ գոյացությունը՝ ուռուցք։ Քաղցկեղը սկսվել է աղիքներում, ապա հասել է ուղեղի հյուսվածքին։
«Այն չի գտնվում է ուղեղի մակերեսին, ուստի մեզ անհրաժեշտ է անցք բացել կեղևի մեջ, — ինձ բացատրում է նյարդավիրաբուժության պրոֆեսոր Փոլ Բրենանը: — Այն պետք է լինի հնարավորինս փոքր, բայց միևնույն ժամանակ բավականաչափ մեծ, որպեսզի մենք կարողանանք հասնել ուռուցքին»:
Կեղևը ուղեղի արտաքին շերտն է, որը պատասխանատու է խոսքի, հիշողության և մտածողության համար: Ուղեղի ներքին հատվածներն ավելի փափուկ են, սակայն կեղևը անհրաժեշտ է հատել:
Պրոֆեսոր Բրենանը վիրաբուժական գայլիկոնի օգնությամբ հեռացնում է գանգի մի հատվածը: Արյունով հագեցած վարդագույն ուղեղը մերկանում է և մեղմորեն բաբախում սրտի զարկերին համաչափ ձևով:
Իմ կողքին կանգնած է դոկտոր Քլեր Դյուրանտը՝ Էդինբուրգի համալսարանից Ալցհայմերի հիվանդության հետազոտողը։
Նրա ձեռքում սառցե արհեստական ողնուղեղային հեղուկով տարա է, որը նմանակում է գլխուղեղն ու ողնուղեղը ողողող բնական հեղուկը:
Ուղեղի վիրահատությունների մեծ մասի ժամանակ կեղևի հեռացված հատվածը համարվում է բժշկական թափոն և պարզապես ուտիլիզացվում է: Սակայն Էդինբուրգն աշխարհի այն եզակի կենտրոններից է, որտեղ պացիենտի համաձայնությամբ այդ հյուսվածքը պահպանում են դեմենցիայի հետազոտությունների համար:
Երբ պահը գալիս է, ամեն ինչ տեղի է ունենում շատ արագ: Պրոֆեսոր Բրենանը ուղեղի մի կտոր՝ մոտավորապես բթամատի եղունգի չափով, զետեղում է տարայի մեջ՝ դրա կենսունակությունը պահպանելու համար:
Այնուհետև, կարճ շնորհակալություն հայտնելով բժիշկներին, մենք փոխում ենք հագուստը և ուղևորվում քաղաքի մյուս ծայրը՝ համալսարան:
Ինձ չի լքում այն միտքը, որ ընդամենը մի քանի րոպե առաջ ուղեղի այդ կտորը մասնակցում էր այն մարդու մտքերի ու վախերի ձևավորմանը, ում սպասվում էր վիրահատությունը:
«Ես միշտ գիտակցում եմ դա, ամեն անգամ. այն, ինչ մենք ստանում ենք՝ թանկարժեք նվեր է, որը մեզ տալիս է մարդն իր կյանքի, թերևս, ամենածանր օրը», — ասում է ինձ դոկտոր Քլեր Դյուրանտը:
Նրա լաբորատորիան աշխարհում այն քչերից մեկն է, որն աշխատում է կենդանի չափահաս մարդու ուղեղի հյուսվածքի հետ՝ դեմենցիայի և այլ հիվանդությունների մեխանիզմներն ուսումնասիրելու համար։
«Այս տեխնոլոգիաները զարգացնելով՝ մենք հույս ունենք ավելի մոտենալ բազմաթիվ սարսափելի նյարդաբանական հիվանդություններից զերծ աշխարհին», - ասում է նա։
Մեծ Բրիտանիայում մոտ մեկ միլիոն մարդ տառապում է թուլամտության որևէ ձևով և Ալցհայմերի հիվանդությունը ամենատարածվածն է։
Բայց կարո՞ղ է այն երբևէ բուժվել։
Դոկտոր Դյուրանտի թիմը փորձում է գտնել պատասխանը՝ ուսումնասիրելով Ալցհայմերի հիվանդության հիմնարար կենսաբանությունը։
Հիմնական հարցերի պատասխանները մնում են անհայտ. դեռևս չկա վերջնական բացատրություն, թե ինչու են Ալցհայմերի հիվանդության ժամանակ քայքայվում նեյրոնների միջև կապերը, որոնք կոչվում են սինապսներ:
Լաբորատորիայում ուղեղի հյուսվածքի նմուշը նախապատրաստող չորս գիտնականներն աշխատում են այնքան ներդաշնակ, որքան «Ֆորմուլա-1»-ի թիմը՝ պիտ-ստոպի ժամանակ: Սա չափազանց խորհրդանշական է՝ հաշվի առնելով, որ հետազոտությունները ֆինանսավորվում են «Race Against Dementia» («Մրցավազք դեմենցիայի դեմ») բարեգործական հիմնադրամի կողմից, որը ստեղծվել է «Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Ջեքի Ստյուարտի կողմից:
Սկզբում ուղեղի նմուշը ֆիքսում են դոնդողանման միջավայրում: Այնուհետև այն կտրատում են 10–20 բջիջ հաստությամբ շերտերի, որից հետո տեղադրում են հատուկ ինկուբատորների մեջ, որպեսզի հյուսվածքը կենդանի մնա:
Այնուհետև այդ շերտերը ենթարկում են տոքսիկ սպիտակուցների՝ ամիլոիդի և տաուի ազդեցությանը, որոնք կուտակվում են Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց ուղեղում: Սա թույլ է տալիս դիտարկել, թե ինչպես են քայքայվում սինապսները և հասկանալ՝ հնարավոր է արդյոք կանգնեցնել այդ գործընթացը:
Այն ամենը, ինչ դոկտոր Դյուրանտը տեսնում է այս փուլում, համոզում է նրան, որ Ալցհայմերի հիվանդության բուժումը դժվարին խնդիր է, բայց ամենևին ոչ անհնարին:
«Այս պահին մեր ունեցած ապացույցները ենթադրում են, որ դա անկասկած հիվանդություն է և մենք մեր փորձից գիտենք, որ հիվանդություններից կարող են ապաքինվել և նույնիսկ ամբողջությամբ բուժվել։ Հնարավոր է՝ մի օր մենք ապացույցներ գտնենք, որ Ալցհայմերի հիվանդությունը անբաժանելի է մարդկային բնույթից, բայց այս պահին ես դա չեմ տեսնում», - ասում է դոկտոր Քլեր Դուրանտը։
«Ես երբեք այսքան մեծ հույս չեմ տեսել Ալցհայմերի հիվանդության հետազոտության առաջընթացի հարցում, որքան հիմա։ Ես իսկապես հույս ունեմ, որ իմ կյանքի ընթացքում մենք կտեսնենք իրական, իմաստալից փոփոխություններ», - ասում է նա։
Հույսի նշույլներ են հայտնվել երկու դեղամիջոցների՝ լեկանեմաբի և դոնանեմաբի շնորհիվ, որոնք դանդաղեցնում են Ալցհայմերի հիվանդության զարգացումը:
Գիտական տեսանկյունից սա նշանակալի ձեռքբերում է եղել, սակայն իրական կլինիկական պրակտիկայում որոշ մասնագետներ այս դեղերի ազդեցությունը չափազանց աննշան են համարում: Այս դեղամիջոցներից և ոչ մեկը չի ֆինանսավորվում Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայության (NHS) կողմից:
Այնուամենայնիվ, Էդինբուրգի համալսարանի Ուղեղի ուսումնասիրության և նյարդագիտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Տարա Սփայերս-Ջոնսը կարծում է, որ այս երկու դեղամիջոցները «դուռ են բացել» Ալցհայմերի հիվանդության գաղտնիքի բացահայտման ճանապարհին:
Պրոֆեսորն ինձ դիմավորում է իր լաբորատորիայում՝ նստած թատերական վարագույր հիշեցնող հաստ ծածկոցի հետևում: Այն փակում է լույսը, որպեսզի նա կարողանա աշխատել բարձր զգայունությամբ կոնֆոկալ մանրադիտակով, որը լազերների օգնությամբ լուսավորում է ուղեղի նմուշները:
Պրոֆեսոր Տարա Սփայերս-Ջոնսն ուսումնասիրում է աստղաձև իմունային բջիջների՝ աստրոցիտների դերը Ալցհայմերի հիվանդության ժամանակ: Այս հետազոտությունը լավագույնս արտացոլում է վերջին շրջանում ավելի ու ավելի տարածվող այն հայեցակարգը, որ Ալցհայմերի բուժմանը, հավանաբար, պետք է մոտենալ միաժամանակ մի քանի կողմից:
Երկու դեղամիջոցներն էլ՝ լեկանեմաբը և դոնանեմաբը, թիրախավորում են տոքսիկ և կպչուն սպիտակուցը՝ ամիլոիդը: Ներկայումս իրականացվում են նաև այնպիսի դեղամիջոցների կլինիկական փորձարկումներ, որոնք ներազդում են մեկ այլ սպիտակուցի՝ տաուի վրա:
Բացի այդ, իմունային համակարգի, բորբոքումների, արյունատար անոթների վիճակի, ինչպես նաև գենետիկայի և շրջակա միջավայրի փոխազդեցության դերի ավելի լավ ընկալումն օգնում է ավելի խորությամբ հասկանալ Ալցհայմերի հիվանդության բնույթը:
Պրոֆեսոր Սփայերս-Ջոնսը կարծում է, որ առջևում երեք առանցքային փուլ կա:
Կարճաժամկետ հեռանկարում դա այնպիսի դեղամիջոցների հայտնվելն է, որոնք կկարողանան զգալիորեն դանդաղեցնել կամ կանգնեցնել հիվանդության պրոգրեսը:
Այնուհետև՝ գործիքակազմի ստեղծումը, որը թույլ կտա լիովին կանխարգելել դեմենցիան:
Իսկ ավելի հեռու ապագայում՝ այնպիսի մեթոդի մշակումը, որը կբուժի նրանց, ում մոտ ախտանիշներն արդեն ի հայտ են եկել, թեև նա ընդունում է, որ դա անելը շատ ավելի բարդ կլինի:
Գիտնականի կարծիքով՝ կյանքեր փոխող և բուժման մեջ իրական բեկում համարվող արդյունքներին մնացել է հինգից տասը տարի: Մարդիկ կկարողանան «իսկապես վերադառնալ նորմալ կյանքի», եթե հիվանդությունը հայտնաբերվի բավականաչափ վաղ փուլում:
Այնուամենայնիվ, չնայած գիտնականների լավատեսությանը, այս ամենը դեռ պետք է ապացուցվի հետազոտությունների և կլինիկական փորձարկումների միջոցով:
«Մարդու ուղեղն այնքան ֆենոմենալ բարդ է, որ մենք նախևառաջ պետք է ստուգենք, թե ինչպես է դա աշխատում մարդկանց վրա»,- ասում է պրոֆեսոր Սփայերս-Ջոնսը:






