Գիտնականները մշակել են արհեստական բանականության (ԱԲ) նոր մոդել, որն ունակ է գնահատել ավելի քան հարյուր հիվանդությունների զարգացման ռիսկը՝ վերլուծելով ընդամենը մեկ գիշերվա քնի ընթացքում ստացված ֆիզիոլոգիական տվյալները։
Այս հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում, ցույց է տալիս, որ քնի ժամանակ ֆիզիոլոգիական ցուցանիշների գրանցումը, ինչպիսիք են ուղեղի էլեկտրական ակտիվությունը, սրտի կծկումների հաճախականությունը և շնչառությունը, կարող է պարունակել առողջական ապագա խնդիրների վաղ նշաններ՝ դեռևս մինչև ախտանիշների ի հայտ գալը։
ԱԲ մոդելը վերապատրաստվել է տվյալների հսկայական բազայի հիման վրա և բացահայտում է օրինաչափություններ, որոնք կապում են քնի առանձնահատկությունները հիվանդությունների ավելի քան հարյուր կատեգորիաների հետ, ներառյալ սիրտ-անոթային հիվանդությունները, դիաբետը, քաղցկեղի որոշ տեսակներ և հոգեկան առողջության խանգարումները։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ գիշերային ֆիզիոլոգիական ազդանշանների վերլուծությունը կարող է դառնալ հիվանդությունների ռիսկի մասին վաղ նախազգուշացման հարմարավետ և ոչ ինվազիվ միջոց, քանի որ նման տվյալները հեշտ է ստանալ պոլիսոմնոգրաֆիայի օգնությամբ, որը կլինիկաներում կիրառվող քնի պարամետրերի գրանցման ստանդարտ մեթոդ է։
Հետազոտողներն ընդգծում են, որ վատ քունը, բացի անմիջական հետևանքներից, ինչպիսիք են հոգնածությունն ու ուշադրության կենտրոնացման անկումը, կարող է վկայել նաև օրգանիզմում ավելի խորքային խաթարումների մասին, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են լուրջ հիվանդությունների: ԱԲ նոր մոդելը, վերլուծելով այս ազդանշանների համախումբը, կարող է բացահայտել բարդ օրինաչափություններ, որոնք դժվար է նկատել սովորական մեթոդներով: Այս մոտեցումը ճանապարհ է հարթում դեպի հիվանդությունների անհատականացված կանխարգելում. եթե համակարգը կանխատեսում է որոշակի վիճակի բարձր ռիսկ, բժիշկն ու պացիենտը կարող են նախապես շտկել կենսակերպը կամ սկսել մոնիտորինգ անել՝ հիվանդության զարգացումը կանխելու համար:
Հետազոտության հեղինակները նշում են, որ տեխնոլոգիան դեռևս լրացուցիչ ստուգման և կլինիկական փորձարկումների կարիք ունի, սակայն արդեն իսկ ունի առողջապահական համակարգերում ինտեգրվելու և կանխարգելիչ բժշկության մեջ կիրառվելու ներուժ: Սա կարող է էապես փոխել հիվանդությունների վաղ հայտնաբերման մոտեցումը և օգնել միլիոնավոր մարդկանց ստանալ ռիսկերի մասին նախազգուշացումներ՝ ակնհայտ ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ:






