Օրեգոնի համալսարանի և Նյու Յորքի Ափսթեյթ բժշկական համալսարանի գիտնականների իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հանգստյան օրերին «քունը լրացնելը» կարող է կարևոր պաշտպանիչ դեր խաղալ դեռահասների և երիտասարդների հոգեկան առողջության համար:

Համաձայն արդյունքների՝ 16-ից 24 տարեկան այն մասնակիցների մոտ, ովքեր հանգստյան օրերին լրացնում էին քնի պակասը, դեպրեսիայի ախտանիշների դրսևորման ռիսկը 41 տոկոսով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր դա չեն արել:

Journal of Affective Disorders ամսագրում հրապարակված աշխատությունը ընդգծում է քնի ռեժիմի և հոգեկան վիճակի միջև սերտ կապը դեռահասության տարիքում՝ մի ժամանակաշրջան, երբ քնի հետ կապված խնդիրները հատկապես տարածված են, իսկ խոցելիությունը դեպրեսիվ վիճակների նկատմամբ՝ բարձր: Ընդ որում, հենց այս տարիքային խումբն է մինչ այժմ հազվադեպ դիտարկվել հանգստյան օրերին «փոխհատուցող» քնին նվիրված հետազոտություններում:

Հեղինակներն ընդգծում են, որ լավագույն տարբերակը նախկինի պես մնում է կանոնավոր քունը՝ յուրաքանչյուր գիշեր 8-ից 10 ժամ տևողությամբ։ Սակայն իրական կյանքում դա հաճախ դժվար իրագործելի է դպրոցական ծանրաբեռնվածության, սոցիալական ակտիվության, խմբակների և լրացուցիչ աշխատանքի պատճառով։ Նման պայմաններում հանգստյան օրերին ավելի երկար քնելու հնարավորությունը կարող է մասնակիորեն մեղմել քնի քրոնիկ պակասի բացասական հետևանքները։

Հետազոտությունը հիմնված է եղել Առողջության և սննդի ազգային հետազոտության 2021–2023 թվականների տվյալների վրա։ Մասնակիցները հայտնել են աշխատանքային և հանգստյան օրերին քնելու և արթնանալու ժամերը, ինչը թույլ է տվել հաշվարկել դրանց միջև եղած տարբերությունը։ Դեպրեսիայի ախտանիշները արձանագրվել են այն դեպքում, երբ հարցվողները հայտնել են ամենօրյա ընկճվածության կամ տխրության զգացողության մասին։

Գիտնականները նաև հիշեցնում են, որ դեռահասության տարիքում բնականորեն տեղաշարժվում են ցիրկադային ռիթմերը. դեռահասների մեծամասնության համար ավելի դժվար է դառնում շուտ քնելը և նրանք կենսաբանորեն հակված են ավելի ուշ ռեժիմի։ Դպրոցներում դասերի վաղ մեկնարկի հետ համատեղ՝ սա ստեղծում է քնի կայուն դեֆիցիտ։ Հաշվի առնելով, որ դեպրեսիան մնում է 16-ից 24 տարեկան անձանց առօրյա կենսագործունեության խաթարման առաջատար պատճառներից մեկը, անգամ այնպիսի պարզ միջոցները, ինչպիսին է հանգստյան օրերին ավելի երկար քնելու հնարավորությունը, կարող են զգալի նշանակություն ունենալ դրա կանխարգելման համար։