Գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ լայնորեն օգտագործվող քլորպիրիֆոս թունաքիմիկատին երկարատև ազդեցությունը ավելի քան 2,5 անգամ մեծացնում է Պարկինսոնի հիվանդության առաջացման վտանգը: Molecular Neurodegeneration բժշկագիտական հանդեսում հրապարակված հոդվածը զուգակցել է բնակչության տվյալները լաբորատոր փորձերի հետ, ինչը եզրահանգումները առանձնապես նշանակալից է դարձնում:
Հետազոտողները վերլուծել են Պարկինսոնի հիվանդությունից տառապող 829 բուժառուների և 824 առողջ մասնակիցների տվյալները՝ համեմատելով քլորպիրիֆոսի օգտագործման վայրերի մոտ երկարատև բնակության և հիվանդության առաջացման վերաբերյալ տվյալները: Նրանք պարզել են, որ այդ թունաքիմիկատին երկարատև ազդեցություն ունեցող մարդիկ 2,5 անգամ ավելի շատ են ենթակա Պարկինսոնի հիվանդություն զարգացնելու վտանգին, քան նրանք, ովքեր նման ազդեցություն չունեին:
Ավելի լավ հասկանալու համար, թե այդ քիմիական նյութն ինչպես կարող է վնասել ուղեղը, հետազոտողները կենդանիների վրա փորձարկումներ են անցկացրել: Մկները 11 շաբաթ ենթարկվել են քլորպիրիֆոսի աէրոզոլների ազդեցությանը՝ ընդօրինակելով մարդկանց բնորոշ ներգործությունը: Այդ կենդանիները զարգացրել են շարժողական խանգարումներ և դոպամին արտադրող նեյրոնների կորուստ, հար և նման նրան, ինչը նկատվում է Պարկինսոնի հիվանդությունից տառապող մարդկանց շրջանում։
Դանիո-ռերիո (կամ «կանացի գուլպա». անգլիական գրականությունում հայտնի է zebrafish անունով -խմբ.) ձկան վրա կատարված լրացուցիչ փորձերը ցույց են տվել, որ քլորպիրիֆոսը խաթարում է աուտոսոմային գործընթացը՝ վնասված սպիտակուցների և օրգանոիդների հեռացման բջջային մեխանիզմը, որը կարող է լինել նեյրոնների մահվան պատճառներից մեկը։ Երբ գիտնականները վերականգնել են այդ գործընթացը կամ հեռացրել են ալֆա-սինուկլեին սպիտակուցը, նեյրոնները պաշտպանվել են վնասից։
Քլորպիրիֆոսն ԱՄՆ-ում 2001 թվականին արգելվել է տնային օգտագործման համար, իսկ գյուղատնտեսության մեջ դրա օգտագործումը սահմանափակվել է 2021 թվականից, սակայն այն դեռևս օգտագործվում է ԱՄՆ-ում բազմաթիվ մշակաբույսերի վրա և լայնորեն կիրառվում է այլ երկրներում։
Այդ արդյունքները համոզիչ ապացույցներ են, որ շրջակա միջավայրի գործոնները, ոչ միայն գենետիկ նախատրամադրվածությունը, կարևոր դեր են խաղում Պարկինսոնի հիվանդության զարգացման գործում։ Թունաքիմիկատների նյարդային համակարգի վրա ազդեցության ըմբռնումը կարող է օգնել մշակել կանխարգելման, վաղ հայտնաբերման և հնարավոր թերապևտիկ միջամտությունների ռազմավարություններ։






