Գենետիկական թեստավորման ենթարկվող՝ քաղցկեղ ունեցող պացիենտների գրեթե մեկ հինգերորդի մոտ պատահաբար հայտնաբերվում են մուտացիաներ արյան մեջ, որոնք կոչվում են անորոշ պոտենցիալի կլոնային հեմոպոեզ (CHIP)։ Vanderbilt Health-ի գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ այդ մուտացիաները մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացացման վտանգը քաղցկեղի բուժումից հետո։

JAMA Oncology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները հաստատում են քաղցկեղի բուժումից առաջ պացիենտների CHIP սքրինինգի հնարավոր օգուտը, որը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ վերահսկել սրտի ֆունկցիան եւ կանխել բարդությունները։ CHIP-ը վիճակ է, այլ ոչ թե հիվանդություն, որը բնութագրվում է արյան ցողունային բջիջների տարիքային փոփոխություններով եւ սովորաբար ընթանում է առանց ախտանշանների։

Հետազոտողները կարողացել են որոշել, թե որ պացիենտների մոտ է ախտորոշվել CHIP՝ օգտագործելով Vanderbilt Health բժշկական կենտրոնի BioVU բիոռեպոզիտորիան՝ էլեկտրոնային բժշկական գրառումներ ամբողջական գենոմի սեքվենավորման տվյալների հետ համապատասխանեցնելու համար։ Նրանք համեմատել են CHIP ունեցող պացիենտների սիրտ-անոթային առողջության արդյունքները այդ վիճակից զերծ հիվանդների արդյունքների հետ։

Բոլոր պացիենտների մոտ ախտորոշվել են մեծ ուռուցքներ, եւ ոչ մեկը քաղցկեղի բուժումից առաջ սրտի անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության կամ առիթմիայի պատմություն չի ունեցել։

Բուժումից տասը տարի անց CHIP ունեցող պացիենտների մոտ սրտի անբավարարության (20.3 տոկոս ընդդեմ 14.5 տոկոսի) եւ սրտի իշեմիկ հիվանդության (25.3 տոկոս ընդդեմ 18.5 տոկոսի) դեպքերի թիվը զգալիորեն բարձր է եղել։ Այդ ազդեցությունն ուժեղացել է ավելի ինտենսիվ քիմիաթերապիա ստացող պացիենտների մոտ։

«Մենք հաճախ CHIP ենք հայտնաբերում քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ, բայց նախկինում դա ​​կարեւոր արդյունք չէինք համարում նրանց բուժման համար։ Այժմ մենք գիտենք, որ այդ պացիենտները սիրտ-անոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկի են ենթարկվում եւ, հավանաբար, կշահեն, եթե սրտաբանների ներգրավեն իրենց բուժման խմբում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ալեքսանդր Բիկը։

Պացիենտները ստացել են քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, իմունաթերապիա կամ դրանց համադրությունը: Սիրտ-անոթային հիվանդությունը քաղցկեղից փրկվածների շրջանում քաղցկեղից չմահանալու մահվան հիմնական պատճառն է եղել։

Հետազոտողները վերլուծել են 8 004 պացիենտի տվյալներ, որոնցից 549-ի մոտ ախտորոշվել է CHIP: Որքան նրանց հայտնի է՝ սա մինչ օրս իրականացված ամենամեծ հետազոտությունն է, որը գնահատում է CHIP-ի եւ սիրտ-անոթային հիվանդությունների միջեւ կապը քաղցկեղի բուժում ստացող մեծ ուռուցքներով պացիենտների մոտ: CHIP ունեցող պացիենտների մեծ մասը տղամարդիկ են եղել (54 տոկոս ընդդեմ 45 տոկոսի) եւ ունեցել են հիպերտոնիա (78 տոկոս ընդդեմ 69 տոկոսի)՝ այդ հիվանդությունը չունեցող հիվանդների համեմատ։

Հետազոտության կլինիկական եզրահանգումներն այն են, որ պացիենտների CHIP թեստավորումը քաղցկեղի բուժումից առաջ կարող է օգտակար լինել ռիսկի շերտավորման եւ սիրտ-անոթային հիվանդությունների անհատական ​​մոնիթորինգի, ինչպես նաեւ կարդիոուռուցքաբանի խորհրդատվությունների եւ սիրտ-անոթային պաշտպանության ռազմավարությունների քննարկման համար: