Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր փորձել են նիհարեցման համար նախտեսված դեղմիջոցների, մասնավորապես՝ Mounjaro-ի կամ Wegovy-ի ներարկումների միջոցով ազատվել ավերոդ քաշից, կարող են բուժումն ավարտելուց հետո չորս անգամ ավելի արագ վերականգնել կորցրած քաշը, քան սննդակարգերը կամ մարզումները դադարեցրածները։
Ըստ British Medical Journal բժշկագիտական հանդեսում հրապարակված տվյալների՝ ներարկումներ օգտագործող ավելորդ քաշ ունեցող մարդիկ կորցնում են զգալի քանակությամբ քաշ՝ իրենց ընդհանուր մարմնի քաշի մոտ մեկ հինգերորդը։ Սակայն, ներարկումները դադարեցնելուց հետո նրանք ամսական միջինում ավելացնում են 0.8 կգ։ Դա նշանակում է, որ մեկուկես տարվա ընթացքում նրանք վերադառնում են իրենց սկզբնական քաշին։
«Այս դեղամիջոցները գնող մարդիկ պետք է տեղյակ լինեն բուժման ավարտից հետո արագ քաշի ավելացման ռիսկի մասին»,- BBC-ի հետ զրույցում զգուշացնում է Օքսֆորդի համալսարանի հետազոտող Սյուզան Ջեբը։
Ընդսմին, նա նշում է, որ այս արդյունքները հիմնված են բժշկական փորձարկումների, այլ ոչ թե իրական տվյալների վրա, և որ օգտակար կլիներ, եթե նոր քաշի կորստի ներարկումների երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ հետագա հետազոտություններ անցկացվեն։
Գիտնականները վերլուծել են 37 հետազոտություն, որոնց մասնակցել է ավելի քան 9000 բուժառու՝ համեմատելու քաշի կորստի համար նախատեսված հայտնի ներարկումների արդյունքները ավանդական սննդակարգերի կամ այլ դեղահաբերի արդյունքների հետ։
Միայն ութ հետազոտություն է գնահատել GLP-1-ի ավելի նոր, մասնավորապես՝ Wegovy և Mounjaro դեղամիջոցներով բուժումը, և այդ հետազոտություններում առավելագույն ժամանակահատվածը դեղերի ընդունումը դադարեցնելուց հետո կազմում էր մեկ տարի, ուստի ստացված տվյալները պետք է մոտավոր համարել։
Հետազոտողների կարծիքով՝ սննդակարգերի միջոցով նիհարած մարդիկ ավելի քիչ քաշ են կորցնում, քան ներարկումների միջոցով, սակայն սննդակարգը դադարեցնելուց հետո քաշը վերադառնում է ավելի դանդաղ՝ մոտավորապես ամսական 0,1 կգ, թեև դա կախված է անհատական առանձնահատկություններից։
Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը (NHS) ներարկումներ է նշանակում ավելորդ քաշ ունեցող մարդկանց, որոնք ունեն ճարպակալմանն առնչվող առողջական ռիսկեր, սակայն դրանք չի խորհուրդ տալիս նրանց, ովքեր պարզապես ցանկանում են փոք-ինչ նիհարել։
Բացի դրանից, բժիշկները պետք է նշանակեն կենսակերպի փոփոխություններ, ներառյալ առողջ սննդակարգը և կանոնավոր վարժությունները, որպեսզի օգնեն բուժառուներին պահպանել քաշը։
Շատ մասնագետների կարծիքով՝ այս բուժումը պետք է դիտարկել ամբողջ կյանքի ընթացքում՝ հաշվի առնելով կրկնության վտանգը։
Նրանք, ովքեր փորձել են դադարեցնել ներարկումները, ասում են, որ դա նման է «մի անջատիչի, որն ակնթարթորեն միացնում է ուժեղ քաղցը»։
Կանանցից մեկը խոստովանել է. «Ինձ թվաց՝ ինչ-որ բան գլխումս սեղմվեց և ասաց. «Կեր ամեն ինչ, արի, դու արժանի ես դրան, այդքան երկար ժամանակ ոչինչ չես կերել»։
Ըստ Սուրեյի համալսարանի սննդաբան, բժիշկ Ադամ Քոլինզի, այդ դեղամիջոցների ուղեղի և մարմնի վրա ազդելու ձևը կարող է բացատրել, թե ինչու է քաշի ավելացումը կրկնապատկվում դրանց դադարեցումից հետո։
Բանն այն է, որ դրանք ընդօրինակում են քաղցի զգացողությունը կարգավորող GLP-1 կոչվող բնական հորմոնը։
«Նորմայից մի քանի անգամ բարձր GLP-1 մակարդակի արհեստականորեն պահպանումը երկար ժամանակահատվածում կարող է հանգեցնել սեփական բնական GLP-1-ի արտադրության նվազմանը, ինչպես նաև դրա ազդեցության նկատմամբ զգայունության նվազմանը,- պարզաբանում է նա։ -Դեղորայք ընդունելիս խնդիրներ չկան, սակայն դադարեցնելուն պես այդ GLP-1 փոխարինողի ընդունումը, ախորժակն այլևս չի վերահսկվում, և չափից շատ ուտելու հավանականությունը զգալիորեն մեծանում է»։
Քոլինզը նշում է, որ այդ բեկումը վերապրելն իսկական փորձոթյուն է։
«Խնդիրն ավելի է սրվում, եթե մարդը արդյունքի հասնելու համար ապավինում է միայն GLP-1-ի ախորժակը ճնշող ազդեցությանը՝ առանց քայլեր ձեռնարկելու իր սննդակարգը կամ սովորությունները փոխելու համար, որոնք նրան կօգնեին երկարաժամկետ հեռանկարում»,- ասում է նա։
Վերջին գնահատականներով՝ Մեծ Բրիտանիայում մոտավորապես 1,6 միլիոն մեծահասակ անցյալ տարի օգտագործել է քաշի կորստի ներարկումներ, հիմնականում՝ մասնավոր դեղատոմսերով, այլ ոչ թե Ազգային առողջապահական ծառայության միջոցով։
Cancer Research UK-ի տվյալներով՝ հիմնված 2025 թվականի առաջին եռամսյակում անցկացված ազգային հարցման արդյունքների վրա, ևս 3,3 միլիոն մարդ հայտնել է, որ հաջորդ տարվա ընթացքում կհետաքրքրվի «նիհարեցնող ներարկումները» փորձել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տասից մեկը կամ արդեն փորձել է դրանք, կամ կցանկանար փորձել։
Ընդ որում, կանայք երկու անգամ ավելի հաճախ են դիմել այդ ներարկումների օգնությանը, քան տղամարդիկ, և դրանց օգտագործումն ավելի տարածված էր 40-50 տարեկան մարդկանց շրջանում։
Ըստ Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր Նավիդ Սաթարի՝ նիհարեցնող ներարկումները ի վիճակի են լրացուցիչ օգուտներ բերել առողջությանը, քանի որ օգնում են արագորեն ազատվել ավելորդ քաշից։
«Միանգամայն հնարավոր է, որ նույնիսկ այդ ներարկումների կարճաժամկետ օգտագործման միջոցով ձեռք բերված ընդամենը երկու-երեք տարվա քաշի կորուստը կարող է օգնել դանդաղեցնել հոդերի, սրտի կամ երիկամների վնասումը: Այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինեն ավելի լայնածավալ, երկարաժամկետ հետազոտություններ»,- ասում է նա:
«Կարևոր է նշել, որ այս դեղամիջոցների երկարատև օգտագործումը երեքից չորս տարի մարդկանց հնարավորություն է տալիս պահպանել իրենց քաշը զգալիորեն ցածր մակարդակի վրա, ինչը սովորաբար չի նկատվում ապրելակերպի հաշվին քաշի կորստի դեպքում, քանի որ մարդկանց մեծ մասը ժամանակի ընթացքում վերականգնում է կորցրած կիլկոգրամները»,- հավելում է Սաթարը։
Բժիշկներն ու քաշի վերահսկման մասնագետները չեն կարող պարզապես նշանակել Mounjaro և Wegovy, նույնիսկ եթե բուժառուն դրանք արդեն ստացել է մասնավոր դեղատոմսով։ Այս դեղամիջոցները նշանակվում են միայն նրանց, ովքեր ունեն իրական բժշկական կարիք և համապատասխանում են որոշակի չափանիշների, մասնավորապես՝ ավելորդ քաշի հետ կապված առողջական խնդիրներ ունեցողները։
Ներկայում Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը Mounjaro-ի համար դեղատոմսերի սահմանափակում չունի, մինչդեռ Wegovy-ն կարող է նշանակվել միայն առավելագույնը երկու տարի։
Mounjaro արտադրող Eli Lilly դեղագործական ընկերության ներկայացուցիչը նշել է, որ նիհարեցման համարի նախատեսված դեղամիջոցների ընդունումը պետք է ուղեկցվի առողջ սննդակարգով, ֆիզիկական ակտիվությամբ և բժշկական հսկողությամբ։
«Երբ բուժումը դադարեցվում է, քաշը կարող է վերադառնալ, ինչը արտացոլում է բուժառուության կենսաբանական բնույթը, այլ ոչ թե ջանքերի անբավարարությունը,- հավելել է նա։ -Այս արդյունքներն ընդգծում են ճարպակալման խրոնիկական բնույթը և ցույց են տալիս, որ քաշի և ընդհանուր առողջության բարելավումները պահպանելու համար անհրաժեշտ է շարունակական բուժումը, ինչպես դա տեղի է ունենում այլ խրոնիկական հիվանդությունների, մասնավորապես՝ շաքարախտի կամ հիպերտոնիայի դեպքում»,- հայտարարել է Wegovy արտադրող Novo Nordisk դեղագործական ընկերության ներկայացուցիչը։






