Օպիոիդային կախվածությունը մնում է համաշխարհային առողջապահության ամենալուրջ խնդիրներից մեկը, իսկ դրանից հետո վերականգնման գործընթացը հաճախ բարդանում է կրկնման մեծ վտանգով: Առավել խոցելի է համարվում աբստինենցիայի փուլը, երբ օրգանիզմն արձագանքում է ծանր ֆիզիկական և հոգեհուզական ախտանիշներով:

JAMA Psychiatry  ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ յոգայի պարապմունքները՝ ստանդարտ դեղորայքային բուժման հետ համակցված, կարող են օգնել վերականգնել այդ հավասարակշռությունը և արագացնել ապաքինումը:

Օպիոիդային կախվածության ժամանակ սիմպաթիկ նյարդային համակարգը մնում է քրոնիկական ակտիվ վիճակում, ինչը դրսևորվում է սրտի արագ բաբախյունով, բարձր ճնշմամբ, տագնապայնությամբ և քնի խանգարումներով: Նման անհավասարակշռությունն ուժեղացնում է հակումը դեղանյութի նկատմամբ և մեծացնում ձախողման հավանականությունը:

Վեգետատիվ նյարդային համակարգի վիճակի հիմնական ցուցանիշներից մեկը սրտի ռիթմի փոփոխականությունն է: Նախկինում ապացուցվել է, որ հոգեակտիվ նյութերի օգտագործմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող մարդկանց մոտ այս ցուցանիշը զգալիորեն ցածր է և ուղղակիորեն կապված է սթրեսի մակարդակի ու դեղամիջոցի հրաժարման ախտանիշների արտահայտվածության հետ:

Ընդ որում, ստանդարտ դեղամիջոցները, օրինակ՝ բուպրենորֆինը, թեև մեղմում են աբստինենցիան,սակայն ամբողջությամբ չեն վերացնում վեգետատիվ խանգարումները:

Կլինիկական հետազոտությանը մասնակցել է 18-ից 50 տարեկան 59 տղամարդ, որոնք ունեցել են դեղամիջոցից հրաժարմանը հաջորդող թեթև և միջին ախտանիշներ: Մի խմբին, բացի ստանդարտ բուժումից, երկու շաբաթվա ընթացքում անցկացվել է 45 րոպե տևողությամբ յոգայի տասը պարապմունք, որոնք ներառել են շնչառական վարժություններ, մեղմ դիրքեր, գիտակցվածության տարրեր և ուղղորդված թուլացում: Ստուգիչ խումբը ստացել է միայն սովորական թերապիա:

Արդյունքները ցույց են տվել, որ յոգայով զբաղվող պացիենտների վերականգնումն անցել է զգալիորեն արագ. աբստինենցիայի ախտանիշները միջինում անհետացել են հինգ օրում, մինչդեռ ստուգիչ խմբում՝ ինը:

Բացի վերականգնման արագացումից, յոգայի խմբի մասնակիցների մոտ բարելավվել են սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշները, ինչը վկայում է պարասիմպաթիկ ակտիվության վերականգնման մասին: Նկատվել է նաև ավելի արագ քուն մտնելու գործընթաց, տագնապի նվազում և ցավային զգացողությունների կրճատում: Վերլուծությունը ցույց է տվել, որ յոգայի դրական ազդեցության գրեթե մեկ քառորդը բացատրվում է հենց նյարդային համակարգի վրա պարասիմպաթիկ ազդեցության ուժեղացմամբ:

Հեղինակներն ընդգծում են, որ յոգան ոչ թե պարզապես ախտանիշները մեղմելու միջոց է, այլ օրգանիզմի հիմնական կարգավորող մեխանիզմների վերականգնման մեթոդ։