Մարդու օրգանիզմի որոշ հյուսվածքներ զարմանալիորեն արագ են վերականգնվում։ Օրինակ՝ աչքի թեթև վնասվածքից հետո եղջերաթաղանթը կարող է լավանալ ընդամենը մեկ օրում։ Սակայն գլխուղեղը նման օրգանների թվին չի դասվում։ Նեյրոնների մեծ մասը ձևավորվում է վաղ տարիքում և պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում՝ գրեթե չթարմացվելով։ Հենց այդ պատճառով էլ ինսուլտը, գանգուղեղային վնասվածքը կամ ուղեղի այլ ախտահարումները հաճախ հանգեցնում են տևական և ծանր հետևանքների։

Գիտնականները վաղուց են դիտարկում ցողունային բջիջների թերապիան որպես կորցրած գործառույթների վերականգնման հնարավոր ուղի, սակայն մինչ օրս այդ փորձերը բախվել են լուրջ խոչընդոտների։

Գլխավոր խնդիրներից մեկը հենց վնասված ուղեղի միջավայրն է։ Զարգացող ուղեղում ցողունային բջիջները ստանում են հստակ ազդանշաններ, որոնք օգնում են նրանց վերածվել նեյրոնների և ներկառուցվել նյարդային շղթաների մեջ։ Ինսուլտից հետո իրավիճակն այլ է. ախտահարման տեղում ձևավորվում է բորբոքային մոլեկուլներով լցված խոռոչ, իսկ դրա շուրջը՝ խիտ սպիական հյուսվածք։ Նման միջավայրը ոչ միայն թշնամաբար է տրամադրված փոխպատվաստված բջիջների նկատմամբ, այլև խոչընդոտում է նյարդային կապերի վերականգնմանը։

Սենֆորդ Բերնեմ Պրեբիսի բժշկական հայտնագործությունների ինստիտուտի և Սինգապուրի ազգային համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները Cell Stem Cell ամսագրում ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները, որտեղ նրանց հաջողվել է հաղթահարել այդ սահմանափակումները։

Գիտնականները մշակել են մարդու ցողունային բջիջների վրա հիմնված թերապիա, որը համալրված է փոքր մոլեկուլների և կառուցվածքային սպիտակուցների հատուկ խառնուրդով, ինչը նպաստում է բջիջների գոյատևմանը: Ինսուլտի մոդելավորում ունեցող մկների ուղեղի մեջ փոխպատվաստման ժամանակ բջիջները ոչ միայն գոյատևել են անբարենպաստ միջավայրում, այլև աճելով լրացրել են վնասված հատվածը:

Սակայն առանցքային հարցը ոչ թե պարզապես նոր նեյրոնների գոյատևումն էր, այլ դրանց՝ գոյություն ունեցող նյարդային ցանցերում ներկառուցվելու ունակությունը: Եռաչափ վերակառուցման օգնությամբ հետազոտողները ցույց են տվել, որ փոխպատվաստված նեյրոնների ելուստները ձևավորում են կառույցներ, որոնք բնորոշ են գլխուղեղի կեղևը ողնուղեղին կապող բնական ուղիներին: Սա նշանակում էր, որ բջիջները ոչ թե քաոսային կապեր են ստեղծում, այլ վերականգնում են կորսված նյարդային «կամուրջները»:

Գենետիկական մակնշման և գեների էքսպրեսիայի սեկվենավորման միջոցով իրականացված հավելյալ վերլուծությունը ցույց է տվել, որ փոխպատվաստված նեյրոնների տարբեր տեսակներ ունեն իրենց սեփական «ներքին ծրագրերը», որոնք որոշում են, թե կոնկրետ ուր պետք է ուղղեն իրենց ելուստները:

Մեքենայական ուսուցումը թույլ է տվել առանձնացնել նեյրոնների մի քանի ենթատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը կապեր է հաստատել ուղեղի որոշակի բաժինների հետ։ Առանձին կարգավորիչ սպիտակուցների աշխատանքի փոփոխությունը հանգեցրել է այդ կապերի աճի ուղղության զգալի շեղումների։

Ըստ հեղինակների՝ այս բացահայտումն սկզբունքային նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս, որ բջիջների ճիշտ ընտրության դեպքում դրանք արդեն «գիտեն», թե ինչպես վերականգնել կորսված շղթաները։ Այս աշխատանքը հեռանկարներ է բացում ինսուլտի և այլ ծանր նյարդաբանական հիվանդությունների բուժման համար ավելի ճշգրիտ և կանխատեսելի բջջային թերապիա ստեղծելու գործում։