Կարոլինսկա ինստիտուտի գիտնականները պարզել են, թե ինչպես է ուղեղի ռիթմիկ ակտիվությունը՝ այսպես կոչված ալֆա-տատանումները, օգնում մարդուն զգալ սեփական մարմինը և տարբերակել այն շրջակա միջավայրից: Աշխատությունը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում:
Այն, որ ձեռքը կամ ոտքը ընկալվում են որպես սեփական մարմնի մաս, թվում է ինքնին հասկանալի: Սակայն իրականում դա ուղեղի բարդ աշխատանքի արդյունք է, որը մշտապես համադրում է տեսողական, շոշափողական և այլ զգայական ազդանշանները: Հասկանալու համար, թե հատկապես ինչպես է ձևավորվում այդ զգացողությունը, հետազոտողները անցկացրել են մի շարք վարքագծային փորձեր, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, ուղեղի ոչ ինվազիվ խթանում և համակարգչային մոդելավորում: Հետազոտությանը մասնակցել է 106 կամավոր:
Գիտնականները հետազոտել են այսպես կոչված մարմնական պատկանելության զգացումը՝ մարմնի մասը որպես «սեփական» ընկալելու ունակությունը: Ինչպես ցույց է տվել աշխատանքը, այս գործընթացում առանցքային դեր են խաղում ալֆա-ռիթմերի հաճախականությունները, որոնք տեղի են ունենում գագաթային կեղևում՝ ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է մարմնից եկող ազդանշանների մշակման համար: Հենց դա է որոշում, թե որքան ճշգրիտ է մարդը տարբերակում սեփական մարմնին վերաբերող ազդանշանները արտաքին խթաններից:
«Մենք բացահայտել ենք հիմնարար նեյրոնային մեխանիզմը, որը ձևավորում է սեփական մարմնում մարմնավորված լինելու մեր անընդհատ զգացողությունը»,- պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ, Կարոլինսկա ինստիտուտի նյարդագիտության ամբիոնի գիտաշխատող Մարիանո Դ'Անջելոն։ Նրա խոսքով՝ ստացված արդյունքները կարող են կարևոր լինել հոգեկան այնպիսի վիճակների ըմբռնման համար, ինչպիսին է շիզոֆրենիան, որի դեպքում սեփական «ես»-ի զգացողությունը խաթարված է։
Փորձի ընթացքում օգտագործվել է «ռետինե ձեռքի» դասական պատրանքը։ Երբ մասնակցի թաքնված իրական ձեռքի և տեսանելի ռետինե ձեռքի հպումները համաժամանակեցված են, շատերի մոտ զգացողություն է առաջանում, թե արհեստական ձեռքը պատկանում է իրենց մարմնին։ Իսկ եթե տեսողական և շոշափողական ազդանշանների միջև ուշացում է առաջանում, այդ զգացողությունը թուլանում է։
Պարզվել է, որ ալֆա-ռիթմի ավելի բարձր հաճախականություն ունեցող մարդկանց մոտ ուղեղն ավելի զգայուն է նման ժամանակային անհամապատասխանությունների նկատմամբ։ Նրանք նկատում են անգամ տեսած և զգացած հպման միջև եղած փոքր ուշացումները, ինչն ապահովում է մարմնական պատկանելության ավելի ճշգրիտ զգացողություն։ Ավելի դանդաղ ալֆա-ռիթմերի դեպքում ժամանակային «կապակցման պատուհանը» ընդլայնվում է. ուղեղը հակված է ոչ սինխրոն ազդանշանները ընկալել որպես ժամանակի մեջ համընկնող, ինչի պատճառով մարմնի և արտաքին աշխարհի միջև սահմանն ավելի քիչ հստակ է դառնում։
Ստուգելու համար, թե արդյոք ալֆա-ռիթմն է հանդիսանում այս էֆեկտների պատճառը, հետազոտողները փոփոխել են դրա հաճախականությունը՝ ուղեղի թույլ էլեկտրական խթանման միջոցով: Դա ուղղակիորեն ազդել է մարմնական պատկանելության ընկալման ճշգրտության և տեսողական ու շոշափողական խթանների միաժամանակությունը տարբերակելու ունակության վրա: Համակարգչային մոդելավորումը հաստատել է, որ ալֆա-ռիթմերը կարգավորում են զգայական ինտեգրման ժամանակային ճշգրտությունը և դրանով իսկ մասնակցում են սեփական մարմնի զգացողության ձևավորմանը:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես է ուղեղը լուծում մարմնից եկող ազդանշանները «ես»-ի միասնական զգացողության մեջ միավորելու խնդիրը»,- նշել է Կարոլինսկա ինստիտուտի նյարդագիտության ամբիոնի պրոֆեսոր և աշխատության վերջին հեղինակ Հենրիկ Էրսոնը: Նրա խոսքով՝ այս գիտելիքները կարող են օգտագործվել ավելի կատարյալ պրոթեզների և ավելի իրատեսական վիրտուալ միջավայրերի ստեղծման համար, որտեղ սեփական մարմնի զգացողությունը առանցքային դեր է խաղում:






