Գրիֆիթի համալսարանի հետազոտողները, ըստ ամենայնի, բացահայտել են սեպսիսի բուժման գաղտնիքը. Չինաստանում անցկացված երկրորդ փուլի կլինիկական փորձարկումը հաջողությամբ է ավարտել՝ խոստումնալից արդյունքներով, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը:

Սեպսիսի բուժման թեկնածուն՝ STC3141, անունով ածխաջրերի վրա հիմնված դեղամիջոցը, համատեղ մշակել են Գրիֆիթի կենսաբժշկության և գլիկոմիկայի ինստիտուտի ականավոր պրոֆեսոր Մարկ ֆոն Իցշտեյնը և նրա թիմը, ինչպես նաև Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Փարիշն ու նրա թիմը:

«Հետազոտությունը բավարարել է առանցքային ցուցանիշերը, որոնք վկայում են, որ դեղամիջոցի թեկնածուն հաջողությամբ պայքարում է մարդկանց շրջանում սեպսիսի դեմ»,- ասել է պրոֆեսոր ֆոն Իցշտեյնը:

STC3141-ը ներարկվել է կաթետերի միջոցով և հակազդել է կենսաբանական մոլեկուլների զգալի արտազատմանը, որը տեղի է ունենում օրգանիզմում սեպսիսի ժամանակ: Փորձարարական փոքր մոլեկուլային դեղամիջոցը հիմնված էր ածխաջրերի վրա և կարող էր բուժել սեպսիսը՝ օրգանների վնասումը վերականգնելու միջոցով:

Հայտն է, որ ամբողջ աշխարհում սեպսիսից ամեն տարի տառապնում է միլիոնավոր հոսպիտալացված մարդիկ  և առաջանում է, երբ օրգանիզմի իմունային պատասխանը վարակի նկատմամբ ախտահարում և վնասում է սեփական հյուսվածքներն ու օրգանները:

«Եթե սեպսիսը չճանաչվի վաղ փուլում և արագ չբուժվի, այն կարող է հանգեցնել սեպտիկ շոկի, բազմաօրգանային անբավարարության և մահվան»,- ընդգծել է պրոֆեսոր ֆոն Իցշտեյնը։

Grand Pharmaceutical Group Limited ընկերության անցկացրած հետազոտությանը մասնակցել է սեպսիսից տառապող 180 բուժառու: Հիվանդությունը մահվան և երկարատև հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում։ Ներկայում չկա հատուկ հակասեպտիկ թերապիա, և սեպսիսը համարվում է կլինիկական առումով չբավարարված կարիք։

Պրոֆեսոր ֆոն Իցշտեյնը նշել է, որ  Grand Pharma-ն այժմ ծրագրում է անցնել երրորդ փուլի փորձարկմանը՝ նոր բուժման արդյունավետությունը հետագայում ստուգելու համար։

«Մենք հույս ունենք, որ մի քանի տարվա ընթացքում այս դեղամիջոցը կհայտնվի շուկայում և հնարավոր է՝ միլիոնավոր կյանքեր փրկի»,- նշել է նա։