ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայություններն առընթեր ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) իր պաշտոնական կայքից հեռացրել է բջջային հեռախոսների ճառագայթման առողջապահական անվտանգության մասին տեղեկությունը: Դրա մասին հայտարարել է դեպարտամենտի ներկայացուցիչ Էնդրյու Նիքսոնը:

«FDA-ն հեռացրել է բջջային հեռախոսների ճառագայթման մասին հնացած տեղեկատվությամբ էջերը»,- ասել է նա The Wall Street Journal-ին (WSJ) տված հարցազրույցում: Նիքսոնը պարզաբանել է, որ հեռացումը պայմանավորված է էլեկտրամագնիսական ճառագայթման և դրա առողջության վրա ազդեցության վերաբերյալ նոր հետազոտության մեկնարկով, որը նախաձեռնել է ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների դեպարտամենտը: Այդ հետազոտությունն անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաների վերաբերյալ «գիտելիքների բացերը բացահայտելու» և հանրային անվտանգությունը բարելավելու համար: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, պաշտոնյան չի նշել, թե ով է անցկացնում հետազոտությունը:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը պնդում է, որ բջջային հեռախոսների օգտագործումը կարող է տարբեր հիվանդություններ, ներառյալ՝ քաղցկեղ առաջացնել: Սակայն նախկինում շատ գիտնականներ, նրանց թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներ և FDA պաշտոնյաներ, որևէ ապացույց չէին գտել, որ հեռախոսներից և այլ սարքերից ճառագայթումը քաղցկեղ կամ այլ հիվանդություններ է առաջացնում:

The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ 2020 թվականին Քենեդի կրտսերը պնդում էր Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի էլեկտրամագնիսական ճառագայթման կանոնակարգերի վերանայման անհրաժեշտությունը: Երեք տարի անց նա և իր կողմնակիցները դեմ էին 5G ենթակառուցվածքներին: Նա միաժամանակ պնդում էր, որ հեռախոսները կարող են խրոնիկական հիվանդություններ առաջացնել երեխաների շրջանում, և որ Wi-Fi ճառագայթման պատճառով երեխաները «լողում են թունավոր ապուրի մեջ»: