Նոր լաբորատոր հետազոտությունը ենթադրում է, որ ուղեղում «մեռած» բջիջների ոչնչացումը կարող է օգնել մեղմել էպիլեպսիայի տարածված ձևը:
Annals of Neurology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները պարզել են, որ էպիլեպսիա ունեցող մկների ուղեղից վնասված, բայց չմեռնող բջիջների հեռացումը բարելավել է կրծողների հիշողությունը և նվազեցրել նոպաների քանակը: Հետազոտությունը նվիրված էր քունքային էպիլեպսիային (ՔԷ)՝ աշխարհում ամենատարածված էպիլեպտիկ խանգարմանը, որով շուրջ 50 միլիոն մարդ է տառապում ամբողջ աշխարհում:
Ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, ստացված արդյունքները կարող են օգնել հետազոտողներին մշակել քունքային էպիլեպսիայի ընթացքը փոփոխող առաջին դեղամիջոցները, այսինքն՝ դեղեր, որոնք իրականում ազդում են հիվանդության պատճառների վրա, այլ ոչ թե պարզապես բուժում են ախտանիշները, հայտնում է Planet Today-ը: Այսօր առկա հակացնցումային դեղամիջոցները նվազեցնում են նոպաների քանակն ու ծանրությունը, բայց չեն վերացնում դրանց հիմնական պատճառը և այն պացիենտներին, որոնց այդ դեղերը չեն օգնում, կարող է անհրաժեշտ լինել գլխուղեղի վիրահատություն կամ նյարդերի խթանման սարքերի օգտագործում:
Քունքային էպիլեպսիան կարող է առաջանալ գլխի վնասվածքից կամ վարակից հետո, իսկ ավելի հազվադեպ դեպքերում կարող է ունենալ գենետիկ պատճառներ: Սակայն այդ գործոնների հստակ կապը ցնցումների և հիշողության կորստի հետ մինչ օրս պարզ չէ:
Միևնույն ժամանակ, նոր գաղափար է ի հայտ եկել էպիլեպսիայի զարգացման գործում «զոմբիացված» բջիջների դերի մասին:
Վնասվելու դեպքում բջիջները հաճախ ենթարկվում են ծրագրավորված բջջային մահվան, ինչը հանգեցնում է դրանց ինքնաոչնչացմանը: Սակայն որոշ բջիջներ դրա փոխարեն անցնում են մի փուլի, որը կոչվում է ծերացում. դրա ընթացքում դրանք դադարում են բաժանվել առողջ բջիջների նման, բայց միևնույն ժամանակ հրաժարվում են մեռնել:
Հետազոտության համահեղինակ Պատրիկ Ֆորչելին Ջորջթաունի համալսարանից պատմել է, որ այդ բջիջների ազդեցությունը թեժ քննարկման թեմա է դարձել նյարդակենսաբանների շրջանում: «Վերջերս ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում այն գիտակցումը, որ բջջային ծերացումը կարող է կարևոր դեր խաղալ գլխուղեղի մի շարք հիվանդությունների դեպքում», — ասել է նա:
Նրա թիմը նկատել է, որ այս «զոմբի բջիջները» իրենց պահում են այնպես, ինչպես ուղեղի բջիջները նոպայի հենց սկզբում: Ե՛վ զոմբի բջիջներում, և՛ ուղեղի նախաէպիլեպտիկ հատվածներում զարգանում է հյուսվածքների սպիացում, որը կոչվում է ֆիբրոզ: Իրենց նոր հոդվածում Ֆորչելին և նրա գործընկերները հարց են բարձրացրել՝ արդյոք ուղեղից ծերացող բջիջների հեռացումը կարող է փոխել քունքային էպիլեպսիայի ախտանիշները:
Հետազոտությունը սկսվել է քունքային էպիլեպսիայով (ՔԷ) պացիենտների ուղեղում ծերացման նշանների որոնմամբ: ՔԷ-ով տառապող որոշ պացիենտների հեռացնում են ուղեղի մի մասը՝ նոպաները նվազեցնելու կամ ամբողջությամբ վերացնելու համար: Գիտնականները համեմատել են այդ պացիենտների ուղեղի հյուսվածքի նմուշները այն մարդկանց նմուշների հետ, ովքեր չեն ունեցել ՔԷ (ստացված դիահերձման ժամանակ):
Հատկանշական է, որ քունքային էպիլեպսիա չունեցող խումբը զգալիորեն ավելի տարեց է եղել, քան էպիլեպսիա ունեցողների խումբը, նշել է Ֆորչելին: Չնայած դրան, էպիլեպսիայով խմբի հյուսվածքներում միջինում հինգ անգամ ավելի շատ ծերացող բջիջներ են եղել:
Այնուհետև, քունքային էպիլեպսիայի մկնային մոդելների վրա թիմը ցույց է տվել, որ կենդանիների մոտ նույնպես դիտվել են ուղեղի ծերացման ավելի շատ նշաններ, քան առանց ցնցումների մկների մոտ: Ծերացման այս նշանները ամենասերտը կապված են եղել միկրոգլիայի հետ. դրանք բջիջներ են, որոնք կազմում են գլխուղեղի սեփական իմունային համակարգի մասը: Դիսֆունկցիոնալ միկրոգլիան ավելի ու ավելի հաճախ է կապվում ուղեղի հիվանդությունների, ներառյալ դեմենցիայի հետ:
Այնուհետև թիմը փորձել է հեռացնել ծերացող բջիջները մկների օրգանիզմից: Որոշ մկների նրանք տվել են լեյկեմիայի դեմ դեղամիջոցի և հակաբորբոքային բուսական պիգմենտի համակցություն: Նախորդ հետազոտություններում բազմիցս ցույց է տրվել, որ այս անսովոր «կոկտեյլը» նվազեցնում է ծերացող բջիջների քանակը. բուժման նման մեթոդները հայտնի են որպես սենոլիտիկներ:
Ջեյմս Քիրքլենդը՝ Սեդարս-Սինայ բժշկական կենտրոնի ծերաբանը, ով առաջինն է հայտնաբերել այս երկու միացությունների սենոլիտիկ ազդեցությունը, պարզաբանել է, որ դրանք ներազդում են այն մեխանիզմների վրա, որոնք ծերացող բջիջներն օգտագործում են բնականոն բջջային մահվանը դիմադրելու համար:
Կրկնակի բուժումը բարելավել է մկների մի շարք ախտանիշներ: «Մեզ հաջողվեց նորմալացնել մկների հիշողության գործառույթը և զգալիորեն նվազեցնել նոպաների քանակը», — ասել է Ֆորչելին: «Մենք նաև պաշտպանեցինք կենդանիների մեծ խմբին ցնցումների զարգացումից, ուստի այս առումով սա հիվանդության ընթացքը փոփոխող մոտեցում է»:
Առանձին փորձի ընթացքում Ֆորչելիի թիմը փորձել է հեռացնել բոլոր միկրոգլիալ բջիջները՝ թե՛ առողջները, թե՛ ծերացողները, քունքային էպիլեպսիա ունեցող մկների մոտ: Նման զանգվածային հեռացումը չի օգնել կենդանիներին, մասամբ այն պատճառով, որ ծերացող բջիջները դիմացկուն են գտնվել լայն սպեկտրի դեղամիջոցների նկատմամբ:
«Մենք ազատվեցինք հսկայական քանակությամբ առողջ միկրոգլիալ բջիջներից, բայց թողեցինք միայն ծերացողները», — նշել է Ֆորչելին: Նա հավելել է, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ միկրոգլիան էպիլեպսիայի ժամանակ խաղում է ինչպես վնասակար, այնպես էլ պաշտպանական դեր: Ծերացող բջիջների փոքր խմբի ազդեցությունը, որոնք հակազդում են առողջ բջիջների մեծ խմբին, կարող է բացատրել այս հակասությունը: Սա նաև հուշում է, որ միկրոգլիային ուղղված ցանկացած բուժում պետք է թիրախավորի հենց ծերացող բջիջները:
Ֆորչելին ծրագրում է հետագա հետազոտություններ իրականացնել՝ քունքային էպիլեպսիայի դեպքում պոտենցիալ սենոլիտիկ դեղամիջոցների կիրառման օպտիմալ ժամանակը որոշելու համար: Օրինակ՝ արդյո՞ք դեղամիջոցը պետք է ներարկել գանգուղեղային վնասվածքից անմիջապես հետո, թե՞ այն կարող է արդյունավետ մնալ նաև մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց:
Բացի այդ, Քիրքլենդը նշել է, որ ծերացման և դրա հետ կապված այլ գործընթացների վրա ներազդումը կարող է կիրառություն գտնել բազմաթիվ տարբեր հիվանդությունների դեպքում: Սակայն նա զգուշացրել է, որ լայն հասարակությունը պետք է սպասի պաշտոնական կլինիկական փորձարկումների արդյունքներին, այլ ոչ թե ընդունի վաճառքում առկա կենսաակտիվ հավելումները (ԲԱԴ), որոնք ներկայացվում են որպես սենոլիտիկ հատկություններ ունեցող միջոցներ:
Նա նշել է, որ այդ հավելումները կարող են պարունակել բաղադրիչներ, որոնք նշված չեն պիտակների վրա, կամ ակտիվ նյութի վտանգավոր բարձր կոնցենտրացիաներ:
«Որակի վերահսկման խնդիրը կայանում է կարգավորումների բացակայության մեջ», — ասել է Քիրքլենդը: ԱՄՆ-ում սննդային հավելումները չեն անցնում անվտանգության, արդյունավետության և որակի նույնքան խիստ ստուգումներ, որքան դեղագործական պատրաստուկները, ուստի դրանց օրգանիզմի վրա ունեցած ազդեցության մասին հայտարարությունները հաճախ չստուգված են կամ էլ բավարար չափով ստուգված չեն:
Բարեբախտաբար, այժմ իրականացվում են տարբեր տեսակի սենոլիտիկների մանրակրկիտ կլինիկական փորձարկումներ: Քիրքլենդն ասել է, որ նախակլինիկական հետազոտությունները բացահայտել են մոտ 60 կամ 70 հիվանդություն, որոնց դեպքում սենոլիտիկները կարող են դանդաղեցնել կամ կանխել հիվանդության զարգացումը: «Գալիս է բոլորովին մի նոր աշխարհ», — եզրափակել է նա:






