Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ 65 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ մեջքի ցավը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել քնի վատթարացման:
Հետազոտողները պարզել են, որ մեջքի ցավեր ունեցող տղամարդկանց մոտ ժամանակի ընթացքում ավելի հաճախ են քնի հետ կապված խնդիրներ առաջանում: Կապը, ըստ ամենայնի, միակողմանի է՝ սկզբում մեջքի ցավն է, հետո՝ վատ քունը:
«Մենք գիտենք, որ մեջքի ցավը և քունը լուրջ խնդիրներ են տարեցների համար»,— ասել է Փենսիլվանիա նահանգի համալսարանի Մարդու զարգացման և ընտանեկան հետազոտությունների ամբիոնի դոցենտ և հետազոտության ղեկավար Սումի Լին:
«Մենք վերլուծել ենք մի քանի տարվա ընթացքում հավաքված տվյալները՝ հասկանալու համար՝ արդյոք վատ քունն է կանխագուշակում մեջքի ցավը, թե՞ ընդհակառակը՝ մեջքի ցավն է կանխագուշակում վատ քունը և պարզել ենք, որ ճիշտ է երկրորդ տարբերակը»,- հավելել է նա, հայտնում է Euronews-ը:
Ըստ Լիի՝ այն փաստը, որ մեջքի ցավը, ըստ ամենայնի, նախորդում է քնի հետ կապված խնդիրներին, մատնանշում է, որ որակյալ քնի և առողջական ավելի լայն խնդիրների կանխարգելման համար կարող է անհրաժեշտ լինել ցավի արդյունավետ կառավարում։
Innovation in Aging ամսագրում հրապարակված հետազոտությունը հիմնված է «Տղամարդկանց մոտ օստեոպորոտիկ կոտրվածքների» բազմամյա ուսումնասիրության տվյալների վրա, որը հետևում է տարեց տղամարդկանց՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք ծերանում և ինչպես են նրանց մոտ զարգանում քրոնիկ հիվանդությունները։
Գիտնականները վերլուծել են 1055 տարեց տղամարդկանց տվյալները, որոնք անցել են քնի կլինիկական գնահատում վեց և ավելի տարի ընդմիջումով, իսկ այդ գնահատումների միջև ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր չորս ամիսը մեկ պատասխանել են մեջքի ցավի արտահայտվածության և հաճախականության վերաբերյալ հարցերին։
Օգտագործելով մեջքի ցավի մասին ինքնագնահատման տվյալները՝ հետազոտական խումբը համեմատել է երկու գնահատումների միջև մասնակիցների քնի հետ կապված խնդիրները։
Պարզվել է, որ մեջքի ցավը կանխագուշակում է տղամարդկանց մոտ քնի խնդիրների ավելացումը վեց տարի անց՝ 12-ից 25 տոկոսի չափով։ Բացի քնի տևողությունից, հետազոտությունը դիտարկել է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քնի անկանոն ռեժիմը, քունը պահպանելու դժվարությունները և ցերեկվա ժամերին քնկոտությունը:
Փենսիլվանիա նահանգի համալսարանի հետազոտությունն ուսումնասիրել է նաև մեջքի ցավի և քնի խնդիրների միջև հնարավոր երկկողմանի կապը։ Սակայն տվյալների վերլուծությունից հետո պարզվել է, որ քնի խնդիրները չեն կանխագուշակում ապագա մեջքի ցավը։
Հետազոտողները նշում են, որ եզրակացությունները հիմնված են դիտողական տվյալների վրա, որոնք հիմնականում վերաբերում են սպիտակամորթ տարեց տղամարդկանց, ուստի արդյունքները կարող են լիարժեքորեն չտարածվել կանանց կամ բնակչության ավելի բազմազան խմբերի վրա:
«Եթե խնամակալները կամ հարազատները նկատում են մեջքի ցավի հետ կապված խնդիրներ, ապա դա կարող է տագնապային ազդանշան լինել»,— ասել է Լին:
Նա հավելել է, որ տարեցները պետք է ընդունեն մեջքի ցավի հետ կապված իրենց խնդիրները՝ քնի ապագա խանգարումները և քնի պակասի հետ կապված առողջական այլ խնդիրներ, ներառյալ հիշողության վատթարացումը, դեպրեսիան, տագնապայնությունը և ընկնելու վտանգը կանխելու համար:
Տարեցների մոտ որակյալ քունը սերտորեն կապված է ավելի լավ ֆիզիկական առողջության, ճանաչողական ֆունկցիաների ավելի դանդաղ անկման և մահացության ցածր ռիսկի հետ:
Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկ անքնություն ունեցող մարդկանց մոտ (այսինքն՝ նրանց, ովքեր քնելու դժվարություններ են ունենում շաբաթական առնվազն երեք գիշեր՝ երեք ամիս կամ ավելի տևողությամբ) դեմենցիայի կամ թեթև ճանաչողական խանգարումների զարգացման հավանականությունը 40 տոկոսով ավելի բարձր է, քան նորմալ քնողների մոտ:






