Մինչև 12 տարեկան երեխաները չպետք է սնվեն ֆասթֆուդով, նման սննդի օգտագործման համար կան նաև այլ հակացուցումներ։ Այս մասին TASS-ին հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, դիետոլոգ, թերապևտ, Սննդի, բիոտեխնոլոգիայի և սննդի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի իմունոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Տատյանա Սոլնցևան:

«Եթե խոսենք ֆասթֆուդի օգտագործման հակացուցումների մասին, ապա դրանք, իհարկե, առաջին հերթին ճարպակալումն են, սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները։ Իրականում, ես՝ որպես բժիշկ, ընդհանրապես խորհուրդ չէի տա երեխաներին տանել նմանատիպ ռեստորաններ ու սրճարաններ և նրանց առաջարկել արագ սննդի մթերքներ»,- ասել է Սոլնցևան։

Նա պարզաբանել է, որ սննդային մշակույթը ձևավորվում է մանկության տարիներին, իսկ ֆասթֆուդի համակարգված օգտագործումը հանգեցնում է վնասակար սննդային սովորությունների զարգացմանը։ Բացի այդ, մինչև յոթ տարեկան երեխայի մարսողական համակարգը կատարյալ չէ և այդ տարիքում օրգանիզմը չի կարող պատշաճ կերպով ընդունել ու յուրացնել արագ սննդի բոլոր մթերքները։ Նման սննդակարգը երեխաների մոտ հանգեցնում է ավելորդ քաշի, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, ինչպես նաև վիտամինների, հանքային նյութերի և այլ կարևոր միկրոնուտրիենտների դեֆիցիտի։