Կատաղության դեմ պատվաստանյութի և ընդհանրապես պատվաստանյութերի առումով մենք ունենք բավարար քանակներ, դրանք պահեստավորված են. երբեմն լինում է, որ որոշ պոլիկլինիկաներում արագ է սպառվում խմբաքանակը, սկզբում սպառվում է, հետո են պատվիրում հաջորդ խմբաքանակը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանի ահազանգին, որ Արարատի մարզում կատաղության դեմ պատվաստանյութի դեֆիցիտ կա։

«Ես առանձին կնայեմ, թե ինչումն է եղել խնդիրը, որ օղակում է եղել հապաղումը։ Եթե  եղել է նման բան, միանշանակ կլրացնենք, պատվաստանյութի պակասի խնդիր չունենք։

Եթե ունենք կենդանու կողմից որևէ վնասում, պետք է անպայման դիմել բժշկի և ստանալ այս պատվաստանյութը։ Շատ անդառնալի հետեւանքներ կարող են լինել, եթե անձը չի դիմում բժշկի»,–ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիները չպետք է սպասեն, պոլիկլինիկաները պետք է ապահովեն պատվաստանյութը, քանի որ կենտրոնացված գնումներն իրականացված են և պաշարները կան։