Ամերիկյան Journal of the American College of Cardiology բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ խելացի ժամացույցները ստանդարտ բժշկական խնամքի համեմատ զգալիորեն բարելավում են նախասրտերի ֆիբրիլյացիայի (atrial fibrillation) հայտնաբերումը։

Ամստերդամի համալսարանին առընթեր բժշկական կենտրոնի գիտնականները վերլուծել են 65 տարեկանից մեծ կաթվածի բարձր ռիսկ ունեցող 437 բուժառուների տվյալները։

Նրանց կեսին տրվել են խելացի ժամացույցներ՝ ինչպես ֆոտոպլետիզմոգրաֆիայի (PPG), այնպես էլ էլեկտրասրտագրության (ԷՍԳ) հնարավորություններով, մինչդեռ մյուս կեսը ենթարկվել է պարբերական բժշկական հսկողության։ Մասնակիցները հսկողության տակ են գտնվել վեց ամիս, իսկ ժամացույցը կրողներն այն օգտագործել են օրական մոտ 12 ժամ։

Արդյունքները տպավորիչ էին. խելացի ժամացույց կրողներից ախտորոշվել և սկսվել է նախասրտերի ֆիբրիլյացիայով 21 բուժառուի ապաքինումը, որոնցից 57%-ը որևէ ախտանիշ չի ունեցել, ստանդարտ խնամքի խմբում ընդգրկված ընդամենը հինգ բուժառուների համեմատ, որոնցից բոլորն արդեն իսկ ունեցել են ակնհայտ ախտանիշներ։

Դա վկայում է, որ խելացի ժամացույցներն ի վիճակի են օգնել բացահայտել առիթմիայի թաքնված դեպքերը, որոնք սովորաբար աննկատ են մնում։

Նախասրտերի ֆիբրիլյացիան վերփորոքային տախիկարդիայի տարատեսակ է, որը բնորոշվում է նախասրտերի քաոսային էլէկտրական ակտիվությամբ՝ 350-750 կծկում մեկ րոպեում՝ բացառելով կոորդինացված կծկումների հնարավորությունը և մեծացնում է արյան մակարդուկների առաջացման վտանգը։ Եթե մակարդուկը հասնում է գլխուղեղ, այն կարող է հանգեցնել ուղեղի կաթվածի։

Այդ առիթմիայի վաղ ախտորոշումը կարևոր է, քանի որ ժամանակին բուժումը զգալիորեն նվազեցնում է ծանր բարդությունների վտանգը։

PPG տեխնոլոգիան չափում է զարկերակը և արյան հոսքի փոփոխությունները դաստակի մաշկի միջով, մինչդեռ ԷՍԳ ֆունկցիան գրանցում է սրտի էլեկտրական ակտիվությունը. դա ապահովում է ավելի ճշգրիտ ռիթմի տեղեկություն, քան ավանդական մոնիթորինգի եղանակները, որոնք ստանդարտ սարքերն օգտագործում են միայն կարճ ժամանակահատվածներում կամ երբ բուժառուներն ախտանիշներ են ունենում։

Հետազոտողները նշել են, որ խելացի ժամացույցները ոչ միայն մեծացնում են ախտորոշման հաճախականությունը, այլև գործընթացը դարձնում են ավելի հարմար և երկարատև, քանի որ բուժառուները կարող են սարքը կրել իրենց առօրյա կյանքում մի քանի ամիս։ Դա կարող է նվազեցնել առողջապահական համակարգի բեռը՝ ավելի վաղ հայտնաբերելով դեպքերը, որոնք այլապես կարող էին հանգեցնել ծանր հետևանքների և թանկարժեք բուժման։