Աղքի դատարկման հաճախականությունը կարող է կապված լինել միայն մեկ վիտամինի՝ B1-ի (թիամինի) նյութափոխանակության հետ: Նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնք ուսումնասիրել են աղիքների աշխատանքին ազդող գենետիկական գործոնները: Հետազոտությունը հրապարակվել է Neurogastroenterology բժշկագիտական հանդեսում:

Հետազոտությունը կենտրոնացած է եղել աղիքային շարժունակության վրա՝ մարսողական տրակտով սննդի շարժման արագության վրա: Շարժունակության խանգարումները հիմքում ընկած են փորկապության, փորլուծության և գրգռված աղիքի համախտանիշի: Սակայն այդ գործընթացը կարգավորող կենսաբանական մեխանիզմները դեռևս վատ են հասկացված:

Բասկյան գիտատեխնիկական դաշինքի գենետիկոս Մաուրո Դ'Ամատոյի գլխավորած թիմը վերլուծել է Եվրոպայից և Արևելյան Ասիայից ավելի քան 260 հազար մարդկանց գենետիկական տվյալները: Սկզբում գիտնականները վիտամինների հետ կապ չէին փնտրում, սակայն արդյունքները մատնանշում էին թիամինի ակտիվացմանը և տեղափոխմանն առնչվող գեները:

«Աղիների շարժունակության խնդիրների հիմքում ընկած են բազմաթիվ տարածված հիվանդություններ, սակայն դրանց կենսաբանությունը չափազանց բարդ է: Գենետիկական տվյալներն անսպասելիորեն ընդգծեցին B1վիտամինը որպես հետագա հետազոտությունների հիմնական ոլորտ»,- նշել է Դ'Ամատոն:

Մասնավորապես, հետազոտողները բացահայտել են թիամինի նյութափոխանակությանը մասնակցող սպիտակուցների վրա ազդող երկու գեների տարբերակներ։ Այդ տարբերակները կապված էին կղանքի հաճախականության տարբերությունների հետ։ Մեծ Բրիտանիայի UK Biobank տվյալների լրացուցիչ վերլուծությունը (մոտ 100 հազար մասնակից) ցույց է տվել, որ սննդակարգում B1վիտամինի ընդունումը կապված է աղիքների կանոնավոր գործունեության հետ, սակայն երկու գենետիկ տարբերակների կրողների շրջանում էլ ազդեցությունը փոխվել է։

Թիամինն անհրաժեշտ վիտամին է, որը հանդիպում է ամբողջական հացահատիկներում, լոբազգիներում, մսում և ձկան մեջ։ Այն հայտնի է էներգիայի նյութափոխանակության մեջ իր դերով, սակայն աղիքների և միկրոբիոտայի վրա դրա ազդեցությունը նոր է սկսում ուսումնասիրվել։

«Մենք գենետիկան օգտագործել ենք որպես քարտեզ՝ աղիքների ֆունկցիայի տեմպը որոշող կենսաբանական ուղիները բացահայտելու համար։ Պարզվել է, որ B1վիտամինի նյութափոխանակությունը շատ ավելի կարևոր դեր է խաղում, քան սպասվում էր»,- պարզաբանել է հետազոտության համահեղինակ Քրիստիան Դիազ-Մունյոսը։

Հեղինակներն ընդգծել են, որ թիամինը կարող է հիմք ծառայել փորկապության, փորլուծության և գրգռված աղիքի համախտանիշի բուժման անհատականացված մոտեցումների համար, հատկապես որոշակի գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց շրջանում։