«Cancer and Metastasis Reviews» ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու գենետիկական ծագումը կարևոր դեր է խաղում գլխի և պարանոցի քաղցկեղի դեպքում ուռուցքների զարգացման և վարքագծի հարցում, ինչն էլ իր հերթին կապված է պացիենտների ապրելիության ցուցանիշների տարբերության հետ:
Սովորաբար նման տարբերությունները կապում են սոցիալական գործոնների հետ՝ բժշկական օգնության հասանելիություն, կենսակերպի առանձնահատկություններ կամ ախտորոշման ժամանակին իրականացում: Սակայն, ինչպես ցույց են տվել հետազոտության հեղինակները, ուռուցքների կենսաբանական առանձնահատկությունները նույնպես կարող են կախված լինել գենետիկական ժառանգականությունից:
Գիտնականները վերլուծել են գլխի և պարանոցի տափակաբջջային քաղցկեղով (այս տեսակի քաղցկեղի ամենատարածված ձևերից մեկը) ավելի քան 500 պացիենտների տվյալներ, որոնք վերցվել են The Cancer Genome Atlas խոշոր կենսաբանական տվյալների բազայից:
Գիտնականները համեմատել են տարբեր գենետիկական ծագում ունեցող պացիենտների ուռուցքների մոլեկուլային բնութագրերը և պարզել, որ ԴՆԹ-ի տարբերությունները կանխատեսում են ուռուցքի մուտացիաների առանձնահատկությունները, որոշակի գեների ակտիվությունը և քաղցկեղային բջիջների աճի արագությունը:
Հետազոտությունը նաև բացատրում է երկար ժամանակ առեղծված մնացած մի փաստ. աֆրիկյան ծագում ունեցող մարդիկ ախտորոշումից հետո միջինում զգալիորեն ավելի քիչ են ապրում, քան եվրոպական ծագում ունեցողները՝ մոտ 2,5 տարի՝ 4,8 տարվա դիմաց։ Այս տվյալները մասամբ պայմանավորված են ոչ միայն ռիսկի գործոնների տարբեր հաճախականությամբ (օրինակ՝ ծխելը կամ մարդու պապիլոմա վիրուսով վարակվածությունը), այլև հենց ուռուցքների կենսաբանական առանձնահատկություններով, որոնք կապված են պացիենտների գենետիկական ժառանգականության հետ։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ խոսքը «ռասայի կամ մաշկի գույնի պարզ մարկերի» մասին չէ։ Փոխարենը, գենետիկական ծագումն արտացոլում է ԴՆԹ-ում կենսաբանորեն կոդավորված փոփոխությունները, որոնք ազդում են ուռուցքի աճի մոլեկուլային մեխանիզմների, մետաստազների տարածման և բուժման նկատմամբ արձագանքի վրա։ Այս տարբերությունները կարող են որոշել, թե որքան ագրեսիվ է ուռուցքը և ինչպես է այն արձագանքում քիմիոթերապիային կամ այլ միջամտություններին։






