Արհեստական բանականության հիմքով գործող նոր ծրագրային ապահովումը, որը նախատեսված է պտղի ուլտրաձայնային հետազոտությունների որակի բարձրացման համար, կլինիկական կիրառման թույլտվություն է ստացել ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության (FDA) կողմից։
Ամերիկյան BioticsAI ստարտափի մշակած այս լուծումը ինտեգրվում է գործող ուլտրաձայնային համակարգերին և իրական ժամանակում վերլուծում պատկերները՝ հայտնաբերելով զարգացման արատները և հղի կանանց ՈւՁՀ-ի ժամանակ բժիշկներին մատնանշելով առկա խնդիրները, հայտնում է Euronews-ը։ Պրենատալ ՈւՁՀ-ները լայնորեն կիրառվում են ամբողջ հղիության ընթացքում և օգնում են բացահայտել զարգացող պտղի պոտենցիալ խնդիրները։ Հետազոտությունները թույլ են տալիս հայտնաբերել այնպիսի անոմալիաներ, որոնք կարող են ազդել պտղի օրգանների կամ մարմնի մասերի վրա՝ դրանց ձևավորման փուլերում։
Երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ստացվում է պտղի պատկերը, BioticsAI ծրագրային ապահովումն այն վերլուծում է ակնթարթորեն։ Այն ստուգում է կադրի որակը, առաջարկում ուղղումներ՝ ավելի հստակ տեսարան ստանալու համար և ստուգում է՝ արդյոք երեխայի մարմնի բոլոր մասերը երևում են՝ նշելով, թե ինչն է պակասում պատկերի վրա։
Հիմնվելով համաշխարհային տվյալների զանգվածներից դուրս բերված օրինաչափությունների վրա՝ համակարգը հայտնաբերում է անոմալիաները և ազդարարում հնարավոր խնդիրների, օրինակ՝ սրտի արատների կամ վերջույթների դեֆեկտների մասին։
Հետազոտության ավարտին ձևավորվում է բոլոր արդյունքները միավորող հաշվետվություն, որին բժիշկը հասանելիություն է ստանում ՈւՁՀ-ից հետո։
Մշակողները պնդում են, որ ծրագրի օգտագործումը բժիշկների համար մինչև ութ րոպե ժամանակ է խնայում յուրաքանչյուր պացիենտի փաստաթղթավորման ձևակերպման վրա։
FDA-ն հաստատել է ծրագրի օգտագործումը որպես բժշկական արտադրանք՝ կլինիկական պրակտիկայի համար։ Այս քայլը հաստատում է, որ արտադրանքը համապատասխանում է արդյունավետության սահմանված չափանիշներին և կարող է ինտեգրվել գոյություն ունեցող համակարգերին»։
Եվրահանձնաժողովի վերջին տվյալներով՝ ամբողջ Եվրոպայում լուրջ բնածին արատները հանդիպում են յուրաքանչյուր 10,000 ծննդաբերությունից 23.9 դեպքում։
Cochrane-ի՝ բժշկական հետազոտությունները գնահատող համաշխարհային անկախ կազմակերպության լայնածավալ ակնարկը ուսումնասիրել է ստանդարտ պրենատալ ՈւՁՀ-ների ախտորոշիչ ճշգրտությունը՝ վերլուծելով աշխատություններ, որոնք ընդգրկում են ավելի քան յոթ միլիոն հղիություն։
Ըստ ակնարկի՝ 11-14 շաբաթականում անցկացվող մեկ վաղ ՈւՁՀ-ն հայտնաբերում է բնածին արատների միայն 38%-ը։ Հղիության կեսին՝ մոտավորապես 18-24 շաբաթականում կատարվող հետազոտությունը բացահայտում է անոմալիաների 51%-ը։ Երկու հետազոտությունների անցկացման դեպքում հայտնաբերման ցուցանիշը բարձրանում է մինչև 84%։
Նմանատիպ մշակումներ կան նաև Եվրոպայում։ Ֆրանսիական Diagnoly և Sonio Detect ընկերությունները նույնպես ստացել են պրենատալ ուլտրաձայնային հետազոտություններում ԱԲ կիրառելու թույլտվություն. նրանց համակարգերը ավտոմատ կերպով ճանաչում են պտղի կառուցվածքը և հայտնաբերում սրտի հետ կապված խնդիրները։






