Սիրելի հեռուստաշոուի անընդմեջ դիտումը կարող է թվալ լարվածությունը թուլացնելու անվնաս միջոց, սակայն, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, այն մարդիկ, որոնք դիտումը հասցնում են կախվածության, ավելի հաճախ են միայնություն զգում։
PLOS One ամսագրում հրապարակված հետազոտությունը բացահայտել է կապ միայնության և անընդմեջ դիտման կախվածության միջև։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ որոշ մարդիկ օգտագործում են հեռուստասերիալները սոցիալական մեկուսացումը հաղթահարելու համար:
Ըստ Euronews-ի, Չինաստանի Հուանշան համալսարանի հետազոտողներ Սյաոֆան Յուեն և Սին Ցուեն վերլուծել են հեռուստաբովանդակության 551 ակտիվ սպառողների հարցման պատասխանները: Բոլոր մասնակիցները հեռուստացույց են դիտել օրական առնվազն 3,5 ժամ և շաբաթական չորսից ավելի դրվագ։
Տասը մասնակցից ավելի քան վեցը (334 մարդ) համապատասխանել են անընդմեջ դիտման կախվածության չափանիշներին, որոնք ներառում են «մոլուցքը, հեռուստացույցի դիտման ծավալի ավելացումը և բացասական ազդեցությունը առօրյա կյանքի, օրինակ՝ աշխատանքի կամ հարաբերությունների վրա»։
Այս խմբում միայնության ավելի բարձր մակարդակը զգալիորեն կապված է եղել անընդմեջ դիտման առավել արտահայտված կախվածության հետ։ Նման կապ չի հայտնաբերվել այն մոլի հեռուստադիտողների մոտ, որոնք չեն համապատասխանել կախվածության չափանիշներին: Սա թույլ է տալիս ենթադրել, որ կախվածություն առաջացնող անընդմեջ դիտումը կարող է պայմանավորված լինել այլ հոգեբանական գործոններով:
Հետազոտողները նաև ուսումնասիրել են, թե ինչու են ձևավորվում անընդմեջ դիտման սովորությունները, և պարզել են, որ միայնությունը սերտորեն կապված է երկու հիմնական գործոնի հետ՝ էսկապիզմի (իրականությունից փախուստի) և «հուզական ուժեղացման»։ Սա նշանակում է, որ միայնակ մարդիկ կարող են դիմել հեռուստատեսությանը ինչպես բացասական հույզերից խուսափելու, այնպես էլ սփոփանք կամ հաճույք փնտրելու նպատակով:
Նախորդ հետազոտությունները միայնությունը կապել են հոգեբանական դիստրեսի, հոգեկան բարեկեցության վատթարացման, ավելի թույլ ֆիզիկական առողջության և կյանքի որակի անկման հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ, միայնությունն ազդում է աշխարհի մարդկանց 16 տոկոսի վրա, և սոցիալական մեկուսացումը դիտարկվում է որպես «լուրջ սպառնալիք համաշխարհային առողջությանը»:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, սոցիալական մեկուսացումն ու միայնությունը նույնպես կապված են սրտի հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, դեպրեսիայի և տագնապային խանգարումների բարձր ռիսկի հետ:
Սակայն անընդմեջ դիտման հետազոտությունն ունի սահմանափակումներ: Այն ցույց է տալիս կապը, այլ ոչ թե ուղղակի պատճառահետևանքային կապը, այսինքն՝ չի ապացուցում, որ միայնությունը հանգեցնում է անընդմեջ դիտման կախվածության:
Բացի այդ, հետազոտողները կենտրոնացել են միայն հեռուստատեսության սպառման վրա և չեն ուսումնասիրել էկրանների օգտագործման այլ ձևերը, օրինակ՝ YouTube-ի կամ TikTok-ի կարճ բովանդակությունը:
Այնուամենայնիվ, արդյունքները ցույց են տալիս, որ մեդիայի չափից ավելի սպառումը կարող է լինել սոցիալական մեկուսացմանը դիմակայելու միջոց:
«Այս հետազոտությունն ընդլայնում է անընդմեջ դիտման մասին մեր պատկերացումները՝ տարբերակելով կախվածություն առաջացնող և չառաջացնող ձևերը: Այն ցույց է տալիս, որ միայնությունն անընդմեջ դիտման կախվածության նշանակալի կանխատեսող է, մինչդեռ էսկապիզմը և հուզական ուժեղացումը ծառայում են որպես հույզերի կարգավորման երկակի ուղիներ»,- գրել են հետազոտության հեղինակները:
Հետազոտողները նշում են, որ անհրաժեշտ են հետագա աշխատանքներ՝ պարզելու համար, թե արդյոք միայնության նվազեցումը կարող է օգնել կանխել կամ շտկել անընդմեջ դիտման խնդրահարույց մոդելները