Գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ նույնիսկ այսպես կոչված ոչ վարակային (ոչ ինֆեկցիոն) երիկամային քարերը կարող են բակտերիաներ պարունակել։ Խոսքը կալցիում-օքսալատային քարերի մասին է, որոնք միզաքարային հիվանդության ամենատարածված տեսակն են։ Հետազոտությունն իրականացրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետների խումբը։ Աշխատանքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Երիկամային քարերն ավանդաբար համարվում են զուտ քիմիական և ֆիզիկական գործընթացների հետևանք՝ մեզի մեջ աղերի ու հանքանյութերի բարձր կոնցենտրացիայի և հեղուկի պակասի արդյունք։ Նման քարերի հեռացումից հետո բժիշկները սովորաբար դրանք չեն դիտարկում որպես վարակի հետ կապված խնդիր։ Սակայն նոր տվյալները կասկածի տակ են դնում այս պատկերացումը։
Էլեկտրոնային և ֆլուորեսցենտային միկրոսկոպիայի օգնությամբ հետազոտողները ուսումնասիրել են պացիենտներից հեռացված կալցիում-օքսալատային քարերը և դրանց կառուցվածքում հայտնաբերել բակտերիաների կուտակումներ։ Ընդ որում, միկրոօրգանիզմները ներդրված են եղել քարի ներքին «ճարտարապետության» մեջ՝ շերտերի և կենսաթաղանթների տեսքով։ Սա նկատվել է նույնիսկ այն պացիենտների մոտ, ում մոտ միզուղիների վարակ չէր ախտորոշվել։
«Այս հայտնագործությունը հերքում է հաստատված այն կարծիքը, թե նման քարերը ձևավորվում են բացառապես քիմիական և ֆիզիկական գործոնների պատճառով: Մենք ցույց տվեցինք, որ բակտերիաները կարող են թաքնված լինել քարերի ներսում և, հնարավոր է, ակտիվորեն մասնակցել դրանց առաջացմանը», — բացատրել է Կալիֆոռնիայի համալսարանի ուռոլոգ Քիմորա Սքոթլենդը:
Աշխատանքի հեղինակների խոսքով՝ բակտերիաների առկայությունը կարող է մասնակիորեն բացատրել, թե ինչու որոշ մարդկանց մոտ երիկամային քարերը կրկին ու կրկին առաջանում են՝ չնայած բուժմանը և կենսակերպի փոփոխությանը։ Նման դեպքերում խնդրի աղբյուրը կարող է լինել երիկամներում, միզածորաններում կամ միզապարկում թաքնված բակտերիալ վարակը։
«Մենք հայտնաբերել ենք քարերի ձևավորման նոր մեխանիզմ, որն օգնում է հասկանալ, թե ինչու են դրանք այդքան լայն տարածված։ Սա կարող է նաև բացատրել միզուղիների կրկնվող վարակների և քարերի վերագոյացման միջև կապը», - նշել է Քիմորա Սքոթլենդը։
Վիճակագրության համաձայն՝ կյանքում առնվազն մեկ անգամ երիկամային քարերի խնդրին առնչվում է մոտավորապես ամեն տասնմեկերորդ մարդը և դեպքերի ավելի քան 70%-ը կապված են հենց կալցիում-օքսալատային գոյացությունների հետ։ Եթե հետագա հետազոտությունները հաստատեն բակտերիաների առանցքային դերը, միզաքարային հիվանդության կանխարգելման և բուժման մոտեցումները կարող են փոխվել՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրէաբանական միջավայրին և թաքնված վարակներին։
Հեղինակներն ընդգծել են, որ իրենց եզրակացությունները ճանապարհ են հարթում թերապիայի նոր ռազմավարությունների համար, որոնք ուղղված կլինեն ոչ միայն մեզի քիմիական կազմին, այլև երիկամների ներսում տեղի ունեցող բակտերիալ գործընթացների վերահսկմանը։






