Օմեպրազոլի երկարատև ընդունումը կարող է խաթարել հանքանյութերի փոխանակությունը և մեծացնել անեմիայի ու ոսկրային խնդիրների առաջացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել բրազիլացի գիտնականները՝ ուսումնասիրելով պրոտոնային պոմպի ինհիբիտորների խմբին պատկանող դեղամիջոցի ազդեցությունը օրգանիզմի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Omega ամսագրում։
Փորձի ընթացքում հետազոտողները դիտարկել են կենդանիներին, որոնք օմեպրազոլ են ստացել 10, 30 և 60 օր շարունակ. ժամկետներ, որոնք համադրելի են մարդկանց կողմից դեղամիջոցի տևական օգտագործման հետ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ դեղամիջոցն ազդում է մի շարք կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի ներծծման և բաշխման վրա, ներառյալ՝ երկաթը, կալցիումը, մագնեզիումը, ցինկը և պղինձը։
Օմեպրազոլի ընդունման ֆոնին կենդանիների արյան մեջ նվազել է երկաթի մակարդակը և միաժամանակ բարձրացել կալցիումի մակարդակը։ Նման համակցությունը կարող է մատնանշել անեմիայի և օստեոպորոզի զարգացման ռիսկը։ Գիտնականներն այս փոփոխությունները կապում են դեղամիջոցի ազդեցության մեխանիզմի հետ. այն նվազեցնում է ստամոքսի թթվայնությունը, մինչդեռ թթվային միջավայրն անհրաժեշտ է բազմաթիվ միկրոտարրերի բնականոն յուրացման համար։
Բացի արյան կազմի փոփոխություններից, հետազոտությունը բացահայտել է իմունային բջիջների աշխատանքի խաթարումներ, ինչպես նաև հանքանյութերի վերաբաշխում լյարդում և փայծաղում, ինչը կարող է անդրադառնալ օրգանիզմի ընդհանուր մետաբոլիկ հավասարակշռության վրա։
Հեղինակներն ընդգծում են, որ օմեպրազոլը մնում է արդյունավետ և լայնորեն կիրառվող միջոց խոցային հիվանդության և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության դեպքում։ Այնուամենայնիվ, բժշկական հսկողությունից դուրս բազմամսյա ընդունումը կարող է ունենալ թաքնված կողմնակի ազդեցություններ։ Հետազոտողները հորդորում են նման դեղամիջոցներն օգտագործել խստորեն ըստ ցուցումների և առանց բժշկի հետ խորհրդակցելու չգերազանցել կուրսի առաջարկվող տևողությունը։






