Northwestern Medicine կենտրոնի հետազոտողների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քնի հետ կապված ուտելու ժամանակը կարող է լինել սրտանոթային և նյութափոխանակության առողջության բարելավման բանալին, նույնիսկ առանց կալորիաների ընդունման փոփոխության:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology բժշկագիտական հանդեսում:
Ի տարբերություն սովորական սննդակարգերի, հետազոտողները կենտրոնացել են ոչ այնքան նրա վրա, թե ինչ են մարդիկ ուտում, որքան նրա վրա, թե երբ են նրանք ուտում՝ ըստ իրենց բնական ցիրկադային ռիթմի՝ քունը և արթնությունը կարգավորող օրգանզիմի կենսաբանական ժամացույցի:
Հետազոտությանը մասնակցել են 39 միջին և ավելի մեծ տարիքի չափահասներ, որոնք տառապում էին ավելորդ քաշից կամ ճարպակալումից և սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեին: Մասնակիցները բաժանվել են երկու խմբի. մեկը պահպանել է սովորական սննդակարգ, իսկ մյուսը՝ գիշերային քաղցածությունը երկարաձգել է մոտ երկու ժամով՝ դադարեցնելով ուտելը քնելուց ոչ ուշ, քան երեք ժամ առաջ և այդ ընթացքում նվազեցնելով սենյակի լուսավորությունը:
7մ5 շաբաթ անց նրանք, ովքեր համաժամեցրել են իրենց սնունդը քնի հետ, վերահսկիչ խմբի համեմատ ցույց են տվել սրտի և նյութափոխանակության պարամետրերի զգալի բարելավումներ: Գիշերը նրանք զգացել են արյան ճնշման ավելի բնական անկում և սրտի զարկերի դանդաղում՝ փոփոխություններ, որոնք համարվում են առողջ սրտանոթային համակարգի նշաններ: Օրվա ընթացքում նրանց արյան մեջ շաքարի մակարդակն ավելի կայուն էր. ենթաստամոքսային գեղձն ավելի արդյունավետ արձագանքում էր գլյուկոզային, ինչը վկայում էր ինսուլինի և արյան մեջ շաքարի ավելի խիստ կարգավորման մասին։
Հեղինակները նշում են, որ առողջության համար կարևոր է ոչ միայն սպառված սննդի քանակը, այլև դրա քնի հետ համընկնումը: Գաղափարն այն է, որ մեր օրգանզիմն ավելի լավ է հաղթահարում նյութափոխանակության գործընթացները, երբ ուտելու և քաղցած մնալու ժամանակահատվածները համապատասխանում են մեր բնական կենսաբանական ժամացույցին, այլ ոչ թե հակառակվում դրան։
Հատկանշական է, որ մասնակիցների գրեթե 90%-ը կարողացավ հետևել նոր ռեժիմին, ինչն այս մոտեցումը դարձնում է սրտի առողջությունը և նյութափոխանակությունը բարելավելու խոստումնալից, մատչելի, ոչ վիրաբուժական միջոց, հատկապես միջին և տարեց հասակի մարդկանց համար։






