Հայաստանի առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ)  արագ արձագանքում է խնդրահարույց դեղամիջոցների մասին հաղորդումներին, սակայն դրանք շրջանառությունից հանելու հրամաններ են տրվում միայն այն դեպքում, եթե ներմուծողը նույնականացվել է, և դրա հիմքերը հաստատվել են, փետրվարի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարել է գերատեսչության ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ այս կամ այն դեղամիջոցին, դրանց թվում՝ հակաքաղցկեղային դեղամիջոցներին առնչվող ենթադրյալ խնդիրների մասին հրապարակայնորեն կամ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը ինքնին խախտման փաստ չի նշանակում։ Նման դեպքերում խոսքը ստացված հաղորդագրության մասին է, որի հիման վրա տեսչությունը ստուգում է անցկացնում։ Ստուգումն իրականացվում է անմիջապես, հենց որ հայտնի է դառնում, թե որտեղ և ում կողմից է դեղամիջոցը շրջանառության մեջ դրվել։

Սարգսյանը շեշտել է, որ դեղամիջոցի այսպես կոչված «հետկանչի» հրամանը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը՝ ներմուծողը կամ վաճառողը, նույնականացվել է։ Առանց նման տվյալների տեսչությունը չի կարող օրինական կարգով համապատասխան հրաման արձակել։ Սակայն մի շարք դեպքերում նման հրամաններ այդուհանդերձ տրվել են, և դրանցից յուրաքանչյուրը հստակ իրավական հիմք ունի։

Տեսչության ղեկավարը պարզաբանել է, որ դեղերի հետկանչը պարտադիր չէ, որ վերաբերվի կեղծված ապրանքին: Որպես կանոն, դրանք կապված են արտադրողի կողմից արտադրանքի թողարկումից հետո հայտնաբերված արտադրական թերությունների հետ: Նման իրավիճակներում արտադրողը տեղեկացնում է այն երկրներին, որտեղ ուղարկվել է խմբաքանակը, որից հետո ազգային փորձագիտական ​​կենտրոնը եզրակացություն է հայտնում: Կախված հայտնաբերված թերության դասից, առավել հաճախ՝ երրորդ դասից, տեսչությունը տնտեսվարող սուբյեկտներին պարտավորեցնում է կազմակերպել դեղամիջոցի շուկայից հետկանչը և հետագա ոչնչացումը, որի մասին նրանք պարտավոր են պաշտոնապես զեկուցել:

Ինչ վերաբերում է կեղծված դեղորայքին, Սարգսյանն նշել է, որ տեսչության պրակտիկայում խախտումների մեծ մասը վերաբերում է չգրանցված և ժամկետանց դեղերին: Հենց այդ ոլորտում են գրանցվում վարչական վարույթների, խոշոր տուգանքների և դատական ​​հայցերի ամենամեծ թիվը, քանի որ տնտեսվարող սուբյեկտները հաճախ փորձում են դատական ​​կարգով բողոքարկել պատժամիջոցները:

Ըստ Սարգսյանի՝ տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում ինրպես ծանուցմամբ, այնպես էլ առանց ծանուցման, դրանց թվում՝ փորձնական գնումներով: Տուգանքներից բացի, հիմնական առաջնահերթությունը մնում է քաղաքացիների պաշտպանությունը. հայտնաբերված բոլոր չգրանցված կամ ժամկետանց դեղերը ենթակա են պարտադիր ոչնչացման, և միայն ոչնչացման մասին արձանագրություն ստանալուց հետո է գործն ավարտված համարվում: