Գիտնականները բացահայտել են մոլեկուլային սկզբունքը, որի միջոցով ֆիզիկական ակտիվությունն ամրացնում է ոսկորները։ Հոնկոնգի համալսարանի մասնագետների գլխավորությամբ հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ Piezo1 սպիտակուցը կարևոր դեր է խաղում այս գործընթացում։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Signal Transduction and Targeted Therapy» (STTT) ամսագրում։
Piezo1-ը ոսկորներում գործում է որպես «շարժման սենսոր». այն արձագանքում է մեխանիկական լարվածությանը քայլելու, վազքի կամ վարժությունների ժամանակ։ Երբ սպիտակուցն ակտիվանում է, ոսկրածուծի ցողունային բջիջները սկսում են վերածվել ոսկրային բջիջների՝ ճարպային բջիջների փոխարեն, ինչը ամրացնում է ոսկրային հյուսվածքը։
Մկների վրա կատարված փորձերի ժամանակ Piezo1-ի հեռացումը հանգեցրել է ոսկրային խտության նվազմանը և ոսկրածուծում ճարպային կուտակումների ավելացմանը։ Առանց այս սպիտակուցի կենդանիները չեն զգացել վարժությունների սովորական ամրացնող ազդեցությունը։ Սա գիտնականներին թույլ է տվել հասկանալ, թե ինչպես է ֆիզիկական ակտիվությունը վերածվում կենսաբանական ազդանշանի, որը ոսկորները պաշտպանում է քայքայումից։
Ուսումնասիրության հեղինակներն ընդգծում են, որ Piezo1-ի հայտնաբերումը նոր հնարավորություններ է բացում օստեոպորոզի կանխարգելման և բուժման համար, հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր չեն կարողանում պարբերաբար վարժություններ անել։ Այս պահին աշխատանքը կատարվում է նախակլինիկական մակարդակում։






