Ի հեճուկս տարածված պատկերացումների՝ մեդիտացիան «գլխի մեջ դատարկություն» ստեղծելը չէ։ Միջազգային նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեդիտացիայի ընթացքում ուղեղը ոչ թե հանդարտվում է մինչև անգործության աստիճան, այլ, ընդհակառակը, թևակոխում է բարձր և յուրահատուկ ձևով կազմակերպված ակտիվության վիճակ։ Աշխատությունը հրապարակվել է Neuroscience of Consciousness ամսագրում։
Մոնրեալի համալսարանի գիտնական Կարիմ Ջերբիի գլխավորած թիմն ուսումնասիրել է թայլանդական անտառային ավանդույթի 12 բուդդայական վանականների ուղեղները, որոնցից յուրաքանչյուրն ուներ միջինում ավելի քան 15,000 ժամվա փորձառություն։ Սկանավորումն իրականացվել է մագնիսաէնցեֆալոգրաֆիայի միջոցով. սա մի մեթոդ է, որը ֆիքսում է նեյրոնների էլեկտրական ակտիվության հետևանքով առաջացող մագնիսական դաշտերը։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ և իրական ժամանակում հետևել ուղեղի դինամիկային։
Հետազոտողները վերլուծել են մեդիտացիայի երկու տեսակ։ Սամաթհան կենտրոնացումն է մեկ օբյեկտի վրա (օրինակ՝ շնչառության)՝ ուշադրությունը կայունացնելու համար։ Վիպասանան ավելի բաց պրակտիկա է, որը ենթադրում է զգացողությունների, մտքերի և էմոցիաների դիտարկում՝ առանց դրանք գնահատելու։ Ըստ հեղինակների՝ առաջինը սեղմում է «ուշադրության շողը», իսկ երկրորդը՝ ընդլայնում այն։
Երկու տեխնիկաներն էլ էապես փոխում էին ուղեղի ակտիվության դինամիկան, սակայն՝ տարբեր ձևերով։ Գիտնականները նեյրոնային տատանումների մեջ հայտնաբերել են ազդանշանների բարդության աճ և անցում դեպի ուղեղի այսպես կոչված «կրիտիկականությանը»։ Սա կարգուկանոնի և քաոսի միջև հավասարակշռության վիճակ է։ Նյարդագիտության մեջ կրիտիկականությունը համարվում է գործառնության օպտիմալ կետը. նյարդային ցանցերը բավականաչափ կայուն են տեղեկատվությունը հուսալիորեն փոխանցելու համար և միաժամանակ բավականաչափ ճկուն են՝ նոր պայմաններին արագ հարմարվելու համար։
Տվյալները ցույց են տվել, որ Վիպասանա տեխնիկան ուղեղն ավելի շատ է մոտեցնում այդ օպտիմալ (կրիտիկական) կետին, մինչդեռ Սամաթհան ձևավորում է ավելի կայուն և կենտրոնացված վիճակ։ Ուղեղի այս բարձր «ճկունությունը» կարող է բացատրել, թե ինչու է մեդիտացիան կիրառվում տագնապայնության և դեպրեսիայի նվազեցման ծրագրերում. այն օգնում է թուլացնել կպչուն մտքերի հակվածությունը և բարելավում է էմոցիոնալ ինքնակարգավորումը։
Միևնույն ժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ նույնիսկ սկսնակներից բազմամյա փորձ չի պահանջվում օգուտը զգալու համար, թեև նորեկի ուղեղը միանգամից չի հասնում փորձառու վարպետների ցուցանիշներին։ Ինչպես սպորտում, այնպես էլ այստեղ՝ շատ բան կախված է մոտիվացիայից և վարժությունների կանոնավորությունից։






