Նախաճաշը բաց թողնելը հաճախ ասոցացվում է «գլխում մշուշի» զգացողության, դյուրագրգռության և արտադրողականության անկման հետ։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին ինտերվալային սովապահության հանրաճանաչությունը կտրուկ աճել է. միլիոնավոր մարդիկ օգտագործում են այն քաշը վերահսկելու և նյութափոխանակությունը բարելավելու համար: Հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք ստանալ մետաբոլիկ առավելություններ՝ առանց կոգնիտիվ ունակությունները վնասելու: Հետազոտողների միջազգային խումբն իրականացրել է մինչ օրս ամենամեծ մետա-վերլուծությունը՝ պարզելու համար, թե ինչպես է քաղցն ազդում ուղեղի աշխատանքի վրա։ Այս մասին հայտնում է «The Conversation» պորտալը:
Գիտնականները վերլուծել են 63 գիտական հրապարակում, որոնք ներառում են 71 անկախ հետազոտություն և 3484 մասնակից: Ընդհանուր առմամբ դիտարկվել է կոգնիտիվ ֆունկցիաների 222 ցուցանիշ՝ ուշադրություն, հիշողություն, գործադիր ֆունկցիաներ: Աշխատանքներն ընդգրկել են գրեթե 70 տարի՝ 1958-ից մինչև 2025 թվականը:
Գլխավոր եզրակացությունը զարմանլիորեն հանգիստ է եղել. առողջ մեծահասակների մոտ կոգնիտիվ արտադրողականության զգալի տարբերություններ չեն հայտնաբերվել քաղցած և կուշտ վիճակների միջև: Մարդիկ հիշողության և կենտրոնացման թեստերը կատարել են գրեթե նույն կերպ՝ անկախ այն հանգամանքից՝ նոր են կերել, թե ոչ:
Հեղինակները դա բացատրել են այսպես կոչված «մետաբոլիկ փոխարկմամբ»: Սնունդ ընդունելուց մոտ 12 ժամ անց գլիկոգենի պաշարները սպառվում են և օրգանիզմն սկսում է օգտագործել կետոնային մարմիններ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուր, որն առաջանում է ճարպերի քայքայման արդյունքում: Այս միացություններն ունակ են արդյունավետորեն ուղեղին «վառելիք» մատակարարել՝ փոխհատուցելով գլյուկոզայի մակարդակի անկումը:
Այնուամենայնիվ, հետազոտությունը վեր է հանել մի քանի կարևոր նրբերանգներ: Տարիքը հանդես է եկել որպես առանցքային գործոն: Եթե մեծահասակների մոտ ցուցանիշների վատթարացում չի գրանցվել, ապա երեխաների և դեռահասների մոտ սնունդը բաց թողնելու դեպքում կոգնիտիվ արդյունքները նվազել են: Հեղինակներն ընդգծում են, որ զարգացող ուղեղն ավելի զգայուն է էներգետիկ տատանումների նկատմամբ, ուստի դպրոցականների համար կանոնավոր սնունդը մնում է կարևոր գործոն:
Երկրորդ գործոնը օրվա ժամն է: Այն մասնակիցների մոտ, ովքեր թեստերն անցել են ուշ կեսօրին, քաղցած վիճակում նկատվել են արտադրողականության ավելի արտահայտված տատանումներ: Հավանական է, որ քաղցն ուժեղացնում է օրգանիզմի բնական ցիրկադային ռիթմերով պայմանավորված ակտիվության անկումները:
Հետազոտողներն ընդգծում են, որ առողջ մեծահասակների մեծամասնության համար ինտերվալային սովապահությունը կապված չէ մտավոր աշխատունակության վատթարացման հետ: Այնուամենայնիվ, սա համընդհանուր ռազմավարություն չէ. երեխաներին, դեռահասներին և որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց սննդակարգի ռեժիմի հետ փորձարկումներ անելուց առաջ անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն:






