Օստեոպորոզը հիվանդություն է, որի դեպքում ոսկորները դառնում են փխրուն և հեշտությամբ կոտրվում, այն ախտահարում է տասնյակ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Թեև վաղուց հայտնի է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ամրացնում է ոսկրային հյուսվածքը, մինչ այժմ պարզ չէր, թե կոնկրետ որ մեխանիզմն է ընկած այդ ազդեցության հիմքում։ Այժմ գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է առանցքային մի սպիտակուց, որը թույլ է տալիս ոսկորներին «զգալ» շարժումը։ Աշխատանքը հրապարակվել է Signal Transduction and Targeted Therapy (STTT) ամսագրում։

Հետազոտողները բացահայտել են Piezo1 սպիտակուցը, որը գործում է որպես մեխանիկական ծանրաբեռնվածության մոլեկուլային սենսոր։ Երբ մարդը շարժվում է կամ սպորտով զբաղվում, ոսկորները ենթարկվում են ճնշման և դեֆորմացիայի։ Piezo1-ն արձագանքում է այդ մեխանիկական ազդակներին և գործի է դնում կենսաքիմիական գործընթացների մի ամբողջ շղթա, որը նպաստում է նոր ոսկրային հյուսվածքի ձևավորմանը և միաժամանակ ճնշում ոսկրածուծում ճարպի կուտակումը։

«Մենք պետք է հասկանանք, թե հատկապես ինչպես են ոսկորներն ամրանում շարժման կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ, նախքան կկարողանանք վերարտադրել այդ էֆեկտները մոլեկուլային մակարդակում», — պարզաբանել է Հոնկոնգի համալսարանի կենսաբժշկական հետազոտող Սյու Այմինը: Նրա խոսքով՝ այս աշխատանքը կարևոր քայլ է դարձել այնպիսի թերապիայի ստեղծման ճանապարհին, որն ի վիճակի է նմանակել ֆիզիկական վարժությունների օգտակարությունը:

Ուշադրության կենտրոնում են հայտնվել ոսկրածուծի մեզենխիմալ ցողունային բջիջները: Այս բջիջները կարող են վերածվել կամ օստեոբլաստների (բջիջներ, որոնք ձևավորում են ոսկրային հյուսվածք), կամ ադիպոցիտների (ճարպային բջիջներ): Դրանց տարբերակման ուղղությունը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ հորմոններից, բորբոքային ազդակներից և մեխանիկական ծանրաբեռնվածությունից:

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ Piezo1-ի բացակայության դեպքում ոսկրերի խտությունը նվազում է, նոր ոսկրային հյուսվածքի ձևավորումը դանդաղում է, իսկ ոսկրածուծում ճարպային բջիջների քանակն աճում է։ Ավելին, այն կենդանիների մոտ, որոնք զուրկ են այս սպիտակուցից, ֆիզիկական վարժությունները չեն տվել սովորական ամրապնդող ազդեցությունը։ Լրացուցիչ հետազոտությունները թույլ են տվել վերծանել այն ազդանշանային ուղիները, որոնց միջոցով Piezo1-ը կարգավորում է ոսկրերի ձևավորման և ճարպի կուտակման միջև հավասարակշռությունը։

«Մենք, ըստ էության, վերծանել ենք, թե ինչպես է օրգանիզմը շարժումը վերածում ավելի ամուր ոսկորների», — հավելել է Այմինը։ Նրա խոսքով՝ Piezo1 ուղու ակտիվացումը պոտենցիալ առումով կարող է «խաբել» օրգանիզմին՝ ստեղծելով ֆիզիկական ծանրաբեռնվածության էֆեկտ նույնիսկ իրական շարժման բացակայության դեպքում։

Սա հատկապես կարևոր է տարեցների, սահմանափակ շարժունակություն ունեցող պացիենտների և նրանց համար, ովքեր առողջական վիճակի պատճառով չեն կարող կանոնավոր կերպով սպորտով զբաղվել։ Տեսականորեն, Piezo1 ուղու վրա ազդող դեղամիջոցները կարող են դանդաղեցնել ոսկրային զանգվածի կորուստը և նվազեցնել կոտրվածքների վտանգը։