Վերջին տարիներին դաջվածքների ժողովրդականությունը մեծացել է։ Ըստ European Journal of Public Health ամսագրում հրապարակված հետազոտության՝ այսօր Արևմտյան Եվրոպայի բնակիչների մոտավորապես 13-21%-ն ունի դաջվածք:

Չնայած դրանց տարածվածությանը, առողջության համար հնարավոր երկարաժամկետ հետևանքների մասին զարմանալիորեն քիչ բան է հայտնի:

Հարավային Դանիայի համալսարանի (SDU) կողմից 2025 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ դաջվածքներ ունեցող մարդկանց մոտ բարձր է մաշկի քաղցկեղի և լիմֆոմայի զարգացման ռիսկը:

Օգտագործելով պատահականության սկզբունքով ընտրված երկվորյակների զույգերի խումբը՝ գիտնականները համեմատել են նրանց ուռուցքով հիվանդ և առողջ մարդկանց տվյալներ, հայտնում է Euronews-ը: Համաձայն BMC Public Health ամսագրում հրապարակված աշխատության՝ դաջվածքներ ունեցող երկվորյակների մոտ մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը գրեթե չորս անգամ ավելի բարձր է եղել:

Հեղինակները նաև նշում են, որ դաջվածքի չափը նույնպես կարող է դեր խաղալ. ձեռքի ափից մեծ դիզայնով դաջվածքները կարող են էլ ավելի մեծացնել ռիսկը:

«Մենք տվյալներ ունենք, որ կապ գոյություն ունի [թանաքի քանակի և ռիսկի միջև] թե՛ լիմֆոմայի, թե՛ մաշկի քաղցկեղի համար», - Euronews Health-ին պատմել է հետազոտության համահեղինակ, SDU-ի կենսավիճակագրության ամբիոնի դոցենտ Սիգնե Բեդստեդ Կլեմենսենը:

«Լիմֆոմայի դեպքում ռիսկի ցուցանիշը 2,7 անգամ բարձր է. սա բավականին շատ է: Մաշկի քաղցկեղի համար այն նախկինում 1,6 էր, իսկ հիմա՝ 2,4: Սա փաստում է այն մասին, որ որքան շատ թանաք կա մարդու մաշկի մեջ, այնքան բարձր է ռիսկը և վտանգի ցուցանիշը», - հավելել է նա:

Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ սրանք միայն ամենաառաջին արդյունքներն են, և դրանց մեկնաբանումը սահմանափակ է բազմաթիվ ուղեկցող գործոնների պատճառով: Ավելի ճշգրիտ վերլուծության համար անհրաժեշտ է հաշվի առնել, օրինակ՝ թանաքի տեսակները, դաջվածքների տեղակայումը, քաղցկեղի ենթատեսակները, ինչպես նաև այլ գենետիկական և բնապահպանական գործոններ:

«Եզրակացությունը մեկն է՝ անհրաժեշտ են նոր հետազոտություններ», — ընդգծում է Կլեմենսենը՝ հավելելով, որ ապագա աշխատանքների համար կպահանջվեն ավելի մեծաթիվ խմբեր և դիտարկման ավելի երկար ժամանակահատվածներ:

«Բայց, իմ կարծիքով, հաջորդ քայլը [դաջվածքների անցկացման] կենսաբանական մեխանիզմների ուսումնասիրությունն է և փորձը՝ հասկանալու համար, թե հատկապես ինչ է տեղի ունենում այդ ընթացքում»։

Դեռևս չկան համոզիչ ապացույցներ այն մասին, որ դաջվածքներն առաջացնում են քաղցկեղ, սակայն գոյություն ունեն նաև այլ ռիսկեր, որոնց մասին կարևոր է հիշել։

Մասնավորապես, անհրաժեշտ է հետևել սարքավորումների ստերիլությանը՝ վարակներից խուսափելու համար, ինչպես նաև հենց ներկերի անվտանգությանը։

Դաջվածքի ցանկացած թանաք բաղկացած է գունանյութից, որը պատասխանատու է գույնի համար և լուծիչից՝ հեղուկից, որն օգնում է այդ գույնը ներարկել մաշկի միջին շերտի՝ դերմայի մեջ:

Քանի որ դաջվածքի թանաքների հիմնական մասը ներկրվում է տարբեր երկրներից, դրանց բաղադրությանը հետևելը երբեմն բարդ է լինում և երբեմն դրանցում հայտնաբերվում են վնասակար նյութեր: