Լաբորատոր փորձարկումների ժամանակ սարքը մազի ֆոլիկուլների բջիջներում չմշակված նմուշների համեմատ տարիքային փոփոխությունները գրեթե 92%-ով ճնշել է, գրում է Nature Communications (NatCom) հանդեսը։

Այն մշակել են Կորեայի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները՝ Հոնկոնգի քաղաքային համալսարանի աջակցությամբ։ Գլխարկի մեջ օրգանական լուսարձակող դիոդներ (OLED) են տեղադրվել, որոնք մոտ 730–740 նանոմետր տիրույթում ինֆրակարմիր լույս են արձակում։ Հեղինակների կարծիքով՝ այդ լուսապատկերն օպտիմալ է մաշկի պապիլյար բջիջների՝ մազերի աճի համար պատասխանատու մազի ֆոլիկուլի հիմքում առկա հիմնական կառուցվածքների ակտիվացման համար։

«Քանի որ OLED վահանակները նուրբ և ճկուն են, դրանք կարող են հարմարավետորեն տեղավորվել գլխամաշկի կոր մակերեսին՝ ապահովելով միատարր լուսային խթանում ամբողջ տարածքում»,- պարզաբանել է Կորեայի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի էլեկտրաինժեներ Կյունգ Չոլ Չհոյը։

Ի տարբերություն լազերներ կամ սովորական լուսադիոդներ օգտագործող և ծավալուն դիզայն ունեցող լուսային թերապիայի «սաղավարտների», նոր համակարգը ինտեգրված է փափուկ, ճկուն գլխարկի մեջ։ Դա հնարավորություն է տալիս լույսի ավելի հավասարաչափ բաշխում, ինչն օգնում է մեծացնել բուժման արդյունավետությունը։

Լաբորատոր պայմաններում հետազոտողները գնահատել են ճառագայթման ազդեցությունը մարդու մաշկապտկիկների վրա, որոնք տարիքի հետ սկսում են β-գալակտոզիդազ՝ ծերացման մարկեր արտադրել։ Ինֆրակարմիր լույսի ազդեցությունը վերահսկիչ խմբի համեմատ զգալիորեն՝ 92%-ով նվազեցրել է այդ ֆերմենտի մակարդակը։ Ազդեցությունը զգալիորեն ավելի մեծ էր, քան կարմիր լույսի ազդեցությունը, որն կիրառվում է շատ առկա սարքերի կողմից։

«Մենք մտադիր ենք հետագայում նախակլինիկական հետազոտություններում հաստատել տեխնոլոգիայի անվտանգությունն ու արդյունավետությունը և աստիճանաբար գնահատել դրա թերապևտիկ ներուժը»,- նշել է Չհոյը։ Մշակողները միաժամանակ աշխատում են գլխարկի լիովին լվացվող տարբերակի վրա՝ ամենօրյա օգտագործման համար։

Ներկայում մազաթափության դեմ միայն մի քանի հաստատված բուժումներ են հասանելի. մինօքսիդիլը դանդաղեցնում է մազաթափությունը, ընդսմին բոլորի համար արդյունավետ չէ, իսկ ֆինաստերիդը կարող է արդյունավետ լինել, սակայն կապված է կողմնակի ազդեցությունների ռիսկի հետ և կանանց շրջանում չի օգտագործվում։ Հետևաբար, ցածր մակարդակի լուսային թերապիայի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։