Ալբերտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ իրենց աշխատանքն անկեղծորեն սիրողներն ունեն ֆիզիկական առողջության ավելի բարձր ցուցանիշներ եւ տագնապայնության ու դեպրեսիայի ավելի ցածր մակարդակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Human Resource Management (HRM) ամսագրում։

Հետազոտողները հետեւել են ավելի քան 1 800 մասնակիցների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանն ութ հետազոտությունների շրջանակում։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ երեք աշխատանքային համատեքստի վերաբերյալ՝ աշխատանքային առաջադրանքների նկատմամբ կիրք, գործընկերների հետ անկեղծ մտերմություն եւ կազմակերպությանն անկեղծ նվիրվածություն։

«Աշխատանքը սիրող համարվելու համար բոլոր երեք գործոնները պետք է միաժամանակ առկա լինեն։ Աշխատակիցը, որը սիրում է իր աշխատանքը, բայց իրեն կապված չի զգում գործընկերների հետ, կամ՝ լավ է շփվում իր թիմի հետ, բայց հուզականորեն հեռու է կազմակերպությունից, լրիվ չափով չի համապատասխանում չափանիշներին»,  պարզաբանել են հետազոտողները։

Թիմն ուսումնասիրել է քնի խնդիրների, գլխացավերի, ստամոքսի խանգարումների եւ հիվանդությունների ընդհանուր հակվածության հաճախակիությունը: Մասնակիցները, որոնք բարձր միավորներ են հավաքել աշխատանքի հանդեպ սիրո սանդղակում, ցույց են տվել այս պաթոլոգիաների ավելի քիչ հաճախակիություն: Նրանք նաեւ ավելի քիչ են ուշացել եւ ավելի քիչ են ընդմիջել աշխատանքը:

Բացի այդ, իրենց աշխատանքը սիրողները նաեւ հայտնել են տագնապայության եւ դեպրեսիայի ավելի ցածր մակարդակի մասին, միտում, որը հաստատուն է եղել մի քանի հետազոտություններում եւ տարբեր ժամանակահատվածներում:

«Աշխատանքին բարձր կապվածություն ունեցողները նաեւ չեն ցուցաբերել ավելի մեծ հակում աշխատամոլության կամ աշխատանքային էթիկայի խախտումների նկատմամբ: Աշխատանքին խոր կապվածությունը, կարծես, չի հանգեցրել պարտադրվող վարքի կամ գերհոգնածության»,- եզրակացրել են հետազոտողները: