Հարավկորեացի գիտնականները մշակել են ճկուն լուսաթերապեւտիկ գլխարկ, որը կարող է դառնալ մազաթափության դեմ պայքարի նոր մեթոդ: Լաբորատոր փորձարկումների ժամանակ տեխնոլոգիան գրեթե 92 տոկոսով ճնշել է մազի ֆոլիկուլի բջիջների տարիքային փոփոխությունները չմշակված նմուշների համեմատ: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում:

Գլխարկը մշակվել է Կորեայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի հետազոտողների կողմից՝ Հոնկոնգի քաղաքային համալսարանի աջակցությամբ: Սարքը հիմնված է օրգանական լուսարձակող դիոդների (OLED) վրա, որոնք արձակում են ինֆրակարմիր լույս 730–740 նանոմետր տիրույթում: Հեղինակների խոսքով՝ այդ սպեկտրը օպտիմալ է մաշկային պապիլյար բջիջների՝ մազերի աճի համար պատասխանատու մազի ֆոլիկուլի հիմքում գտնվող հիմնական կառուցվածքների ակտիվացման համար:

«Քանի որ OLED վահանակները բարակ եւ ճկուն են, դրանք կարող են ամուր տեղավորվել գլխամաշկի կոր մակերեսին՝ ապահովելով միատարր լույսի խթանում ամբողջ տարածքում»,- նշել է Կորեայի գիտության եւ տեխնոլոգիաների առաջավոր ինստիտուտի ինժեներ-էլեկտրիկ Կյոն Չհոլ Չհվեն։

Ի տարբերություն առկա լուսաթերապեւտիկ «սաղավարտների», որոնք օգտագործում են լազերներ կամ սովորական LED-եր եւ ծավալուն են, նոր համակարգը կարող է ներդրվել փափուկ, ճկուն գլխարկի մեջ։ Լույսն ավելի հավասարաչափ է բաշխվում, ինչը բարձրացնում է դրա արդյունավետությունը։

Լաբորատոր պայմաններում գիտնականները գնահատել են ճառագայթման ազդեցությունը մարդու դերմալ բջիջների վրա։ Տարիքի հետ այդ բջիջները սկսում են արտադրել ծերացման մարկեր՝ β-գալակտոզիդազ։ Այդ ֆերմենտն օգտագործվում է ծերացման եւ մազաթափության դեմ պայքարի բուժման արդյունավետությունը գնահատելու համար։ Հետազոտողների խոսքով՝ կարգավորված ինֆրակարմիր լույսի ազդեցությունը զգալիորեն նվազեցրել է այս մարկերի մակարդակը 92 տոկոսով՝ վերահսկիչ խմբի համեմատ։ Ազդեցությունն ավելի ցայտուն է եղել, քան կարմիր լույսի դեպքում, որն օգտագործվում է առկա սարքերում։

Այսօր հասանելի են միայն մի քանի հաստատված բուժումներ: Մինօքսիդիլը դանդաղեցնում է մազաթափությունը, բայց այն բոլորի համար չի աշխատում: Ֆինաստերիդը կարող է արդյունավետ լինել, բայց կողմնակի ազդեցությունների ռիսկ կա եւ չի օգտագործվում կանանց պարագայում: Հետեւաբար, վերջին տարիներին ցածր մակարդակի լուսաթերապիայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։

«Մենք նախատեսում ենք նախակլինիկական հետազոտություններում հետագայում հաստատել այս տեխնոլոգիայի անվտանգությունն ու արդյունավետությունը եւ աստիճանաբար գնահատել դրա թերապեւտիկ ներուժը»,- նշել է Չխվեն։

Գիտնականները նաեւ աշխատում են սարքի լիովին լվացվող տարբերակի վրա, որը հարմար է ամենօրյա օգտագործման համար: